Քրոնոտիպով բու մարդիկ վտանգված են ավելի վաղ մահանալու, քան, այսպես կոչված, արտույտները: Այս մասին հայտարարել են Սուրեյ համալսարանի (Գիլֆորդ) գիտնականները:
Փորձագետները հայտարարել են, որ մարդկանցից շատերը գիշերային կենսակերպ են վարում ոչ թե սեփական կամքով, այլ հոգեկերտվածքի և ֆիզիոլոգիայի առանձնահտկությունների պատճառով: «Մեր խնդիրն է այսպիսի մարդկանց օգնել կյանքում հարմարվելուն և իրենց առողջության նկատմամբ հոգածությանը՝ կանխարգելիչ միջոցներին դիմելով»,- ասել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանից Քրիսթեն Կնուտսոնը
«Հնարավոր է՝ մեր հետազոտությունը հաստատում է, որ բուերն օժտված են սեփական կենսաբանական ժամացույցով, որի ընթացքը չի համընկնում նրանց ենթագիտակցությունից դուրս ժամանակի ընթացքին»,- հավելում է հետազոտողը՝ նշելով, որ քրոնիկական պակաս քնելու պատճառով բուերի մոտ, արտույտների համեմատությամբ, զգալիորեն մեծ է իրենց առողջությունը քայքայելու վտանգը:
«Ուշ քնելն ու արթնանալը խնդիր է, որի գոյությունը հասարակությունը չի կարող անտեսել»,- վստահ է Սուրեյ համալսարանի քրոնոկենսաբանության պրոֆեսոր Մալկոլմ ֆոն Շանթցը:
Իրենց հետազոտություններում գիտնականներն օգտվել են Մեծ Բրիտանիայի կենսաբանկի տվյալների բազայից. սա երկարաժամկետ նախագիծ է՝ պարզելու համար, թե ինչպես են մարդու վրա ներգործում գենետիկ նախահակվածությունն ու շրջակա միջավայրը: Հիմա այն պարունակում է մասնակիցների 502 642 անկետաներ, որոնք 18 տարի կամավոր կլրացնեն իրենց հիվանդությունների պատմությունը: Ներկայացրած հետազոտության մեջ մասնագետներն ուսումնասիրել են 433 268 անկետա: Կամավորների տարիքը տատանվում է 37-ից 73 տարեկանի սահմաններում: Նրանց 55,7 տոկոսը կանայք են: Հետազոտման միջին ժամանակահատվածը կազմել է 6,5 տարի: Կյանքի ենթադրվող տևողությունը վերլուծելիս հաշվի են առել սեռը, տարիքը, էթնիկ պատկանելությունը, մարմնի զանգվածի ինդեքսը, ծխելուն հակվածությունը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և ունեցած հիվանդությունները:
Գիտնականները եզրակացրել են, որ բուերը ենթակա են մահացության 10 տոկոսով ավելի բարձր վտանգի, քան արտույտները:
Գիտնականների զեկույցում նշված է, որ բուերն առավել ենթակա են կարդիովասկուլյար հիվանդությունների (ինֆարկտներ, կաթվածներ, սիրտ-անոթային անբավարարություն), էնդոկրինային համակարգի խանգարումների (դիաբետ, ներքին սեկրեցիայի խոշոր գեղձերի դիսֆունկցիա): Գիշերային կենսակերպը հարուցում է նաև աղեստամոքսային համակարգի հիվանդությունների զարգացում, թոքային խանգարումներ և հոգեկան շեղումներ, նշված է զեկույցում, որը հրապարակվել է Chronobiology International ամսագրում: