«Հանրային ռադիո» ներխուժած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին լրատվամիջոցի տնօրինությունը չի զրկում ուղիղ եթերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ռադիոյի եթերային ստուդիա մտած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում «Հանրային ռադիո»-ի տնօրենի տեղակալ Լիլիթ Թումանյանը նշեց, որ եթեր կտրամադրվի, սակայն կոնկրետ հաղորդման շրջանակում: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր է ուզում՝ առանց հետաձգելու և անգամ չի համաձայնում, որ այդպիսով կխաթարվի ռադիոյի՝ արդեն նախագծված եթերային ցանցը:
«Մենք երբեք չենք զրկել որևէ քաղաքական ուժի իրենց տեղեկատվությունը տարածելու հնարավորությունից, կարծիքն արտահայտելը չենք սահմանափակել: Հիմա առաջարկում եմ անել նույն բանը, ինչն արել ենք բազմիցս: Հանրային ռադիոն ունի ցանց, նախապես ծրագրված, որը չի կարող խախտել: Առաջարկում եմ այսօր ժամ 19:00-ին «Ստատուս Քվո»-ի ժամին մտնել ուղիղ եթեր և տեղ հասցնել ձեր ասելիքը»,-ասաց Լիլիթ Թումանյանը:
Նիկոլ Փաշինյանն շարունակեց պնդել, որ ցանկանում է ուղիղ եթեր ունենալ հիմա և առանց հաղորդավարի:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ֆրանսիայի հրապարակից քայլերթի մասնակիցները շարժվեցին Սայաթ-Նովա փողոցով: Ընթացքում նրանք շարժվեցին Հանրային ռադիոյի շենք և ներխուժեցին եթերային՝ կոտրելով դռներ: