Երևանի Բաղրամյան պողոտայում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, հավաքի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով 18 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրին, որ նրանց բոլորի վիճակը կայուն է: «Հիվանդները հետազոտման փուլում են: Նրանք, ամենայն հավանականությամբ, վիրահատության չեն ենթարկվի: Հետազոտվելուց հետո դուրս կգրվեն»,-տեղեկացրին բաժանմունքից:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է գտնվում նաև «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, ով ոտքի բեկորային վնասվածքներ է ստացել:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բուժկենտրոնում է գտնվում նաև երկու ոստիկան:
Բաղրամյան պողոտայում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, հավաքի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով վիրավորվել էր նաև Փաշինյանը, ում ոստիկանական մեքենայով տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն: Ներկայումս Փաշինյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
Նույն բուժկենտրոն բեկորային վնասվածքներով նաև երեք ոստիկան է տեղափոխվել, նրանցից մեկի վիճակը ծանր է: