«Ժամը 18:30-ին, գուցե մի քիչ էլ ուշ՝ 19:00-ին հանրահավաք ենք անելու: Հանրահավաքն անելու ենք Բաղրամյան փողոցում», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնալով Բաղրամյան պողոտա:
Ն. Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ ոստիկանները չեն խոչընդոտի և թույլ կտան իրեն մտնել Ազգային ժողով: Ըստ Փաշինյանի՝ իրենց պայքարը շարունակովում է:
Ինչպես հայտնի է՝ ոստիկանությունը կոչ էր արել Փաշինյանին ցրել հավաքը՝ հակառակ պարագայում ուժ և հատուկ միջոցներ կկիրառեն.
«Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:
Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»,-ասված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:
Ի դեպ, ՀՀ Առողջապահության նախարարությունը քիչ առաջ տեղեկացրել, որ ժամը 16։30-ի դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից:
«Արմենպրես»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։
Ոստիկանների վնասվածքները բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։
Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։
Նախարարությունը հայտնում է, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։