Երևանում Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մի խումբ մասնակիցներ փորձ են արել փակել Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը: Ոստիկանները պահանջեցին հավաքվածներին ազատել Հրազդանի կիրճից դեպի Հալաբյան փողոց բարձրացող ճանապարհահատվածը, սակայն ակտիվիստները չենթարկվեցին:
Ոստիկանների ու հավաքվածների միջև հրմշտոց սկսվեց, որը կարճ ժամանակ անց հանդարտվեց:
Ներկայում մի խումբ քաղաքացիներ շարունակում են մնալ Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում: Նրանք ամեն կանաչ լույսի ժամանակ դանդաղ անցնում են փողոցը: Երթևեկությունն այստեղ կանգնած չէ, սակայն տեղի է ունենում մեծ դժվարությամբ:
Նշենք, որ հավաքվածներին է միացել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը: