Հոր և դստեր միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ հայրը խեղդել է դստերը
Advertisement 1000 x 90

Հոր և դստեր միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ հայրը խեղդել է դստերը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 39-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս հայրը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

2018 թվականի ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Մասիս քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ բռնության հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են կնոջ սպանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի հայրը՝ ծնված 1951թ.:

Նախնական քննության տվյալներով՝ 1979թ. ծնված կինը նշված բնակարանում բնակվել է հոր հետ: Դեպքի օրը՝ ժամը 04-ի սահմաններում, հոր և դստեր միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ հայրը բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել դստեր գլխի շրջանին և մարմնի տարբեր մասերին, ապա՝ երկու ձեռքերով բռնել դստեր պարանոցից և խեղդել:

1951թ. ծնված տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

pastinfo.am