Վերջին օրերին Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնում նաև հայաստանյան և միջազգային ճանաչում ունեցող մտավորականներ: Ոմանք դեմ են պայքարի այս ձևին, ոմանք էլ ողջունում են հատկապես այն երիտասարդներին, ովքեր դուրս են եկել պայքարի:
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին, նշեց, որ իր համար առհասարակ ցանկացած հեղափոխական ճանապարհ անընդունելի է. «Որպես հայ կին, հայ մարդ՝ բնականաբար, ցավ եմ ապրում տեղի ունեցող իրավիճակից, բայց, ցավոք, որևէ գնահատական տալ այս պահին չեմ կարող և ելք չեմ տեսնում»:
Դերասանուհին նաև նշեց, որ թեկուզ իրեն դուր չի գալիս այն պայմանները, որոնցում մարդիկ ապրում են Հայաստանում, այնուամենայնիվ, իր կարծիքով՝ պայքարի այս ձևը հարցին լուծում չի տա. «Ինչպե՞ս կարող է այս իրավիճակը դուր գալ մարդու, ով գիտակից է, տեսնում է իրականության բոլոր շերտերը, բայց դա չի նշանակում, որ այս ճանապարհն ինձ համար ընդունելի է, և բոլոր այն բազմաթիվ հարցերը, դժգոհությունները, բողոքները, որ ես ունեմ որպես քաղաքացի, միևնույն է՝ չեմ կարծում, որ այս ճանապարհը կարող է լուծել բոլոր այդ հարցերը»:
Իսկ ահա Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն էլ հակառակ կարծիքն ունի: Նա գտնում է, որ այս իրավիճակում նոր սերնդի բանիմաց, ինտելեկտուալ երիտասարդության երևան գալն ամենամեծ ձեռքբերումն է. «Մնացած բաները ժամանակի ընթացքում լուծվելիք են, բայց եթե այս արթնացումը չլիներ, որի կասկածները, կարծում եմ, շատ-շատերն ունեին նախորդ դեպքերից ելնելով, հիմա հրաշք տեղի ունեցավ մեր տեսակի վերազարթոնքի առումով»:
Նարինե Թուխիկյանի խորին համոզմամբ՝ երիտասարդները չպետք է սպասեն որևէ մտավորականի արձագանքի, քանի որ այսօր հենց իրենք են մտածողներն ու ինտելեկտուալները. «Ես հրապարակներում մասնակցել եմ բողոքի ակցիաներին պայթուցիկներից հետո, բայց թող երիտասարդները ոչ մեկին չփնտրեն, իրենցից զորավոր մտավորականներ չկան: Այսօր Հայաստանում իրենք են մտավորականները՝ մտածող, ինտելեկտուալ, նպատակասլաց, ազնիվ, չհանդուրժող՝ լավ իմաստով: Սա այն նույն երիտասարդությունն է, որն ապրիլին վազեց պատերազմի դաշտ՝ առանց որևէ մեկի հրամանին սպասելու, և այս երիտասարդը, որ վազեց կռվելու, իր կյանքը զոհելու, այսօր իրավունք ունի փողոց դուրս գալու և իր պահանջները ներկայացնելու»:
Վերջում մեր զրուցակիցը նաև ընդգծեց. «Վերջնական արդյունք միշտ լինում է, հնարավոր չէ չլինի: Հավատում եմ, որ վերջնական արդյունքը նորմալ, արդարադատ Հայաստանի կերտումն է, նման երիտասարդներով անհնար է, որ դա տեղի չունենա: Ես չեմ ասում՝ դա հիմա կլինի՝ այսօր, բայց կլինի»: