ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորել է Երևանում զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման և զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը և օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ: Այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք և որևէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը: Հետևաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց:
Ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է»:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 21-ի երթի ժամանակ հայտարարել է, որ իր կողմնակիցների հետ քայլելու է դեպի Ավան վարչական համայնք՝ անցնելով նաև ՀՀ ՊՆ վարչական համալիրի կողքով: