
Հայաստանի Սահմանադրությունը սահմանում է Հայաստանի կառավարության հրաժարականից հետո իրավական ընթացակարգերը։
Այսպես, ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:
Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: