ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Անմար կրակի մոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, հավաքվածները գլուխ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Ապրիլի 24-ին դեռևս գիշերվանից և վաղ առավոտից մարդկանց հոսքը հուշահամալիր չի դադարում: Հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: