Ի վերջո` ի՞նչ ծագում ուներ 14+4=23 ծրագիրը
Advertisement 1000 x 90

Ի վերջո` ի՞նչ ծագում ուներ 14+4=23 ծրագիրը

Ինչպես ուզում եք, անվանեք երեկվա օրը` պատմական հաղթանակ, անակնկալ, թավշե հեղափոխություն, ժողովրդական հեղափոխություն, Նիկոլի հեղափոխություն, հրաժեշտ երեք նախագահներին, մերժիր Սերժին, իրադարձությունները զարգանում էին արագ ու չափազանց հստակ: Երբ անցնի էյֆորիան, հարկ է լինելու պատասխանել անխուսափելի հարցերի.

1.Սերժ Սարգսյանը մնու՞մ է ՀՀԿ նախագահ:

2.Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, բայց նա դեռ ՀՀԿ նախագահն է, և ոչ ոք, բացի ՀՀԿ-ականներից, չի կարող պահանջել նրա ևս մեկ հրաժարականը: ՀՀԿ-ն ունի մեծամասնություն ԱԺ-ում և բավարար ձայներ ՀՅԴ-ի հետ, եթե ՀՅԴ-ն ԲՀԿ-ի պես վերջին պահին ՙչժողովրդականանա՚, վարչապետ ընտրելու համար վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին:

3.Հնարավո՞ր է, որ ՙԵլքը՚ դառնա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես ընդունված է Հայաստանում: Մի գիշերում:

4.Երեկ քչերը նկատեցին, որ երկու իրարամերժ իրադարձություններ եղան` նախ նախագահ Արմեն Սարգսյանը վերանշանակեց նախարարներին, որ մնացել էին պաշտոնակատար, հետո ընդունեց կառավարության հրաժարականը: Եթե հիշում եք` կառավարության հրաժարականից հետո 7 օրում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: ԱԺ-ն վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3 առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Հայաստանը այս ճանապարհո՞վ է գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

5.Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարում էր, որ ապրիլի 25-ին, ժամը 11-ին հանդիպելու է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկելու հետագա քայլերը և ասում էր. «Քայլ առաջին` Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, դա արդեն տեղի է ունեցել: Քայլ երկրորդ` Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, որը պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, դրանից ՀՀ-ում ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Ինքնին հասկանալի է` ո՞վ է ժողովրդի թեկնածուն: Սահմանադրության հետ հակասություն չկա՞` վարչապետին ընտրում է ԱԺ մեծամասնությունը, «Ելքը» փոքրամասնություն է:

irates.am