Այսօր՝ ապրիլի 24-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Volvo մակնիշի AE 4382 EK համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դարբինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջակոտը՝ 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան բարձված էր «Coca-Cola»-ի շշի խցաններով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: