Արհեստական ինտելեկտի (ԱԻ) բնագավառի եվրոպացի առաջատար հետազոտողներն անհրաժեշտ են համարում Եվրոպայում ընդհանուր գիտական կենտրոնի բացումը՝ «ուղեղների արտահոսքից» և ԱՄՆ-ից ու Չինաստանից տեխնոլոգիական առումով հետ մնալուց խուսափելու համար: Այդ մասին ասված է գիտության գործիչների բաց նամակում, որը հրապարակվել է ապրիլի 24-ին,:
Ուղերձում նշվում է, որ ԱԻ-ի զարգացումը հեղաշրջում է կատարում գիտության մեջ և անմիջականորեն ազդում ոչ միայն ինֆորմատիկայի և կիբեռնետիկայի վրա, այլև կից դիսցիպլինների վրա: Հեղինակները եվրոպական կառավարությունների ուշադրությունը հրավիրում են այն բանի վրա, որ հիմնական հետազոտական կենտրոններն այժմ գտնվում են Հյուսիսային Ամերիկայում: Դեռ ավելին, «ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Չինաստանը Եվրոպայի երկրներից զգալիորեն առաջ են անցնել» գիտության այդ բնագավառում կատարած ներդրումների ծավալով:
Մինչդեռ «աշխարհամասում զարգացած է ակադեմիական մշակույթը, կան նաև բազմաթիվ ընդունակ ուսանողներ», իսկ մի շարք ուսումնական հաստատություններ, օրինակ, Քեմբրիջի, Ցյուրիխի և Թյուբինգենի համալսարանները, համաշխարհային առաջատարների թվին են դասվում արհեստական ինտելեկտի ուսումնասիրման բնագավառում: Սակայն, համալսարանական լաբորատորիաները խոշոր նախագծերի մշակման և աշխարհի առաջատար գիտնականների ներգրավման առումով չեն կարող մրցել չինական կամ ամերիկյան կենտրոնների հետ:
ELLIS (European Lab for Learning and Intelligent Systems) մեծ հետազոտական կենտրոնի ստեղծումը, որտեղ մեկ տանիքի տակ կաշխատեն եվրոպական տարբեր երկրների լավագույն գիտնականները, պետք է շտկիի իրադրությունը: «Անհրաժեշտ է անհապաղ ինչ-որ բան ձեռնարկել,- հայտարարել է Քեմբրիջի համալսարանից ինժեներիայի պրոֆեսոր Զուբին Գարամանին:-Դա (ELLIS-ի ստեղծումը) Եվրոպային կտա ընդգրկուն լաբորատորիա, որտեղ կաշխատեն ոչ թե 10 հետազոտողներ, այլ տարբեր երկրների հարյուրավոր մասնագետներ՝ տարբեր իրավասություններով»: Գիտնականների կարծիքով՝ նախագիծը պետք է գործարկվի արդեն այս տարի: