Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադարձել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին:
«Դեռ անցած ամիս Սերժ Սարգսյանը հպարտանում էր, որ իրեն աջակցում է Հայաստանի բնակչության ավելի քան 76 տոկոսը: Նա հեշտությամբ հաղթանակ էր տանում ընտրություններում, նա վերահսկում էր ամեն ինչ, սկսած բանկերից մինչև ֆուտբոլ: Նա Հայաստանը վերածել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկին: Նրան էին ենթարկվում տեղական օլիգարխները, որոնց նա ամեն ինչով աջակցում էր, ոստիկանությունը, բանակը, հիմնական ԶԼՄ-ները: Ամեն ինչ նրա համար էր:
Բայց երեկ չէ առաջին օրը մարդիկ դուրս եկան փողոց, և Սերժ Սարգսյանը, իր բոլոր տոկոսներով հանդերձ, հարկադրված էր հրաժարական տալ: Ինչու՞, երկու պատճառով, առաջինը՝ նա խաբել է մարդկանց, խոստացել, որ իշխանության ղեկին կլինի միայն նախագահական երկու ժամկետով: Սակայն, երբ եկել է հեռանալու ժամանակը, նա որոշեց մնալ: Դա ոչինչ չի՞ հիշեցնում»,- ասում է Նավալնին, հիշեցնելով, որ ժամանակին նախագահական երրորդ ժամկետով պաշտոնավարելու հանդեպ իր բացասական վերաբերմունքն էր հայտնել նաև ՌԴ նախագահ Պուտինը:
«Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը, իշխանությունը նախագահից փոխանցվեց վարչապետին, և հենց ինքն էլ դարձավ վարչապետ: Կարծես՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է, սակայն, իրականում դա խարդախություն է և խաբեություն»,- ասում է Նավալնին և նշում Սարգսյանի հրաժարականի երկրորդ պատճառը․
«Հայաստանի բնակիչները հրաժարվեցին իրենց համարել իրավազուրկ անասուններ: Սարգսյանն, իհարկե, ուներ հանրության ինչ-որ մասի աջակցությունը, բայց նա որոշել էր հրապարակայնորեն թքել մնացած բոլորի վրա»: «Ահա և եղավ այն, ինչ պետք է լիներ նորմալ հասարակությունում»,- ասում է Ալեքսեյ Նավալնին: