Այսօր՝ ապրիլի 27-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր նախատեսել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, որը տեղի չունեցավ: Չկայացած հանդիպմանը եկած լրատվամիջոցների համար Փաշինյանը ասուլիս տվեց, որի ժամանակ հայտարարեց, որ այս երկու օրերի ընթացքում կհրապարակեն Հանրապետական կուսակցության անդամ պատգամավորների հեռախոսահամարները, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան նրանց հետ շփվել և բացատրել երկրում տիրող իրավիճակը, կոչ անել, որ միասնական դեմ քվերակեն ՀՀԿ-ական վարչապետին ու իշխանությանը:
Այս կապակցությամբ էլ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ինչպես և նախկինում, հայհոյանքները և սպառնալիքներն իրենց շարժման մեջ տեղ չունեն. «Սիրելի ընկերներ, երբ զանգում կամ գրում եք ՀՀԿ պատգամավորներին, խնդրում եմ, որպես իրենց գործատու և պատվիրակող, քաղաքավարի բացատրել իրավիճակը, կոչ անել, խնդրել, պահանջել միանալ ժողովրդական շարժմանը և քվեարկել նրա թեկնածուի օգտին»,- գրում է նա։