Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր ժամը 08-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի ուսանողներին դեպի Երևան տեղափոխող «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել, որի հետևանքով «Մերսեդես-Սպրինտեր» ավտոմեքենայում եղած 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը մահացել է, ևս 7 ուսանողներ և 2 մեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց:
Մեքենայում է եղել նաև մահացած Հռիփսիմե Գասպարյանը եղբայրը՝ Հրանտ Գասպարյանը, որի վիճակը ծանր է: Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում: 20-ամյա Հրանտը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Նրա վիճակի մասին մանրամասներ հիվանդանոցից մեզ խոստացան հայտնել ավելի ուշ:
Նշենք, որ Հռիփսիմեն Բրյուսովի ինստիտուտի ուսանող էր: Ստորև ներկայացնում ենք վիրավորների տվյալները.
«Մերսեդես-Սպրինտեր»-ի 7 ուղևորները – Լուսինե Սամվելի Հակոբյանը (ծնված 1998թ., ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող), Սոնա Աբելի Ավետիսյանը (ծնված 1998թ., ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող), Շահանե Վրույրի Սմբատյանը (ծնված 1995թ., ԵՊՀ պատմական ֆակուլտետի ուսանող), Հրանտ Ռուբիկի Գասպարյանը (ծնված 1996թ., ), Մետաքսյա Համլետի Մաթևոսյանը (ծնված 1996թ., ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող), Կարեն Նորիկի Միքայելյանը ( ծնված 1995թ., Ճարտարագիտական համալսարանի ուսանող), Օկսան Նորիկի Միքայելյանը (ծնված 1996թ., Մանկավարժական համալսարանի ուսանող)։
Երկու մեքենաների վարորդները – Գագիկ Ստեփանյան և Շավարշ Գևորգյան:
Հռիփսիմե Գասպարյանի լուսանկարներից.