Այս շարժումը ցույց տվեց, որ Հայաստանում ծնվեց նոր սերունդ, իսկ ամենակարևորը դա է: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով՝ ոչ կատարյալ անկախության, ոչ շատ ժողվրդավարության պայմաններում, բայց միևնույն է, ծնվեց մի սերունդ, որը փորձում է ապրել ինքնուրույն, 21-րդ դարին համապատասխան որոշումներ ընդունել, չսպասել, որ որևէ մեկն իրեն կդարձնի երջանիկ, ինքն է կառուցում իր երջանկությունը:
«Այն բազմաթիվ երիտասարդները, որոնք սկսեցին այդ շարժումը, նրանք թշվառ խավից չէին, մարդիկ են, ովքեր արդեն ինչ-որ բան հասկանում են, կարողանում են անել և բացարձակապես չեն ընդունում այս համակարգը: Եվ հենց դա է պատճառը, որ շարժումն ստացավ այսքան մեծ թափ և չսահմանափակվեց ինչ-որ անձի փոփոխությամբ: Չնայած լոզունգներն սկզբում վերաբերվում էին Սերժ Սարգսյանին, բայց եթե ինքը շարժումն ուղղված չլիներ համակարգի դեմ, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականի պարագայում պարզապես կհանգչեր: Բայց մարդիկ, առավել ևս երիտասարդները, շատ լավ հասկացան, որ սա անձի դեմ կռիվ չէ, սա համակարգի դեմ է»,- ասաց նա:
Ռուբեն Բաբայանը նաև հավելեց, որ ամեն ինչ գնում է ճիշտ հանգուցալուծման, բայց լավ կլիներ, եթե սա մեր պատմության մեջ լիներ վերջին դեպքը, երբ ունենում ենք մեկ թեկնածու, որովհետև զարգացումը ընտրության միջոցով է լինում:Նա անդրադարձավ նաև այս օրերին քաղաքական գործիչների ու կուսակցությունների պահվածքին: «Այս ամբողջ պատմության մեջ բոլորն իրենց շատ կարգին պահեցին, մեկը մի քիչ ուշացումով, մյուսն՝ առանց հապաղելու: Բոլորը մեկ գիտակցում ունեին, որ խոսքը պետության մասին է, բացի մեկ անձից՝ Կարեն Կարապետյանից: Նա պարազապես ապացուցեց, որ ինքը ոչ այս հողի հետ կապ ունի, ոչ այս ժողովրդի, ոչ էլ այս մշակույթի: Այդքան չհասկանալ քո հողը, ժողովրդին… Միգուցե սա նաև մեզ բոլորիս համար դաս լինի: Բոլորն իրենց կարգին պահեցին, տղա ուզեց բերել միայն սա, որովհետև այս հողի հետ կապ չունի»,- նշեց Բաբայանը:
Ամբողջությամբ՝ lragir.am կայքում: