Սյունե Սևադա. «Մենք հանրահավաք մտանք հիմնականում որպես թամաշա անող, բայց դուրս եկանք որպես քաղաքացի»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Մենք հանրահավաք մտանք հիմնականում որպես թամաշա անող, բայց դուրս եկանք որպես քաղաքացի»

Շատերը սկզբում եկան թամաշայի, հետո եկան, որովհետև հետաքրքիր էր, հետո հավաքատեղիում էին՝ արդեն հասկանալով, որ իրենց գալով ապահովում են կողքինի անվտանգությունը․ ես այստեղ եմ, ուրեմն՝ կողքինին բռնություն չի սպառնա։ Մենք հաղթեցինք, որովհետև այսպես մտածեցին հարյուրավոր մարդիկ, մի անգամ որոշեցին մինչև վերջ պատասխանատու լինել՝ իրենց արածին, թեկուզ սկզբում շատ հեղհեղուկ, բայց՝ որոշմանը։ Ու հաղթեց այդ պատասխանատվությունը։ Ու հոգատարությունը՝ կողքինի նկատմամբ։

Մաթևոսյանն ասել է՝ գիտես ինչ, կյանք է, և մի ակնկալիր անփոթորիկ ծով, եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ փոթորիկինը, քանի որ փոթորիկը ծովն է, խարիսխդ ո՞ւր է, խարի՛սխդ։ Մենք այսքան տարի չունեինք այդ խարիսխը, ուղղակի անպատրաստ կռիվ էինք տալիս փոթորիկի հետ, բայց այս երկու շաբաթների ընթացքում միասին խարիսխ սարքեցինք։ Ու ծովը դարձան մարդիկ, որոնք ալիք-ալիք ծփում էին փողոցներով։ Փոթորիկներ էլի ու անընդհատ կլինեն, բայց արդեն գիտենք՝ հենց միանում ենք, դառնում ենք խարիսխ։ Սա շատ կարևոր էր։

Մենք հանրահավաք մտանք հիմնականում որպես թամաշա անող, բայց դուրս եկանք որպես քաղաքացի։ Իսկ երբ թամաշա անողը դառնում է քաղաքացի, ժողովուրդը հաղթում է։

Հեղինակ՝ Սյունե Սևադա



Նման նյութեր