Վահան Ասատրյան. «ՀՀ Զինված ուժերի համար…»
Advertisement 1000 x 90

Վահան Ասատրյան. «ՀՀ Զինված ուժերի համար…»

Սիրելի հեղափոխական ու հակահեղափոխական զանգվածներ, քանի դեռ խանդավառությունն ու խրախճանքը չեն ավարտվել, թույլ տվեք մի անգամ ևս խաթարել ձեր անկեղծ ու ինքնաբուխ հրճվանքը ու էս մի հակահեղափոխական բաժակով մի քանի կենաց բարձրացնել…

…գործիչների ու նրանց շուրջ հավաքված զանգվածների կենացը շատ են խմել էս օրերին… ինչով ասես խմել են… անուշ լինի… քաղաքական հեղաշրջումների համար թող միայն շամպայն թափվի ու ոչ երբեք արյուն՝ քաղաքականությունը հաստատ ինչ-որ բան արժի, բայց ոչ արյուն…

…ես ուզում եմ բարձրացնել էն ինստիտուտների կենացը, որոնք ապահովեցին երկրի ու պետականության անխախտությունն ու ցիրկի բոլոր մասնակիցների ու չմասնակիցների խաղաղ քունն ու հեղափոխական պայքարը էս հեղաշրջման օրերին… էն հաստատությունների, որոնց շնորհիվ երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրում, երկրում որտեղ որակյալ եռակցող գտնելն անգամ ներքին մարտահրավեր ա, հնարավոր ա հեղափոխություն բեմադրել, ինչը եվրոպայի կամ ասիայի սրտում գտնվող որևէ մեեեեծ տերության մեջ անելը հղի ա կործանարար հետևանքներով…

…և ուրեմն, թույլ տվեք առաջին բաժակը բարձրացնել Հայաստանի երրորդ Հանրապետության ողնաշարի՝ ՀՀ Զինված ուժերի համար… բանակն, ըստ էության, ապացուցեց բոլորին՝ Զինված ուժերը կայացած կառույց են և ի վճակի են անգամ ամենամեծ ներքին լարվածության պահին ապահովել երկրի անվտանգությունը, ի վիճակի են շարունակելու խաղաղություն պարտադրել արտաքին ուժերին՝ ներքին ուժերի ամենասուր պայքարի պայմաններում… Հայաստանի Զինված ուժերին կարելի ա վստահել՝ սահման, երկիր, զավակ, ապագա…

…երկրորդ բաժակը թույլ տվեք բարձրացնել Հայաստանի Հանրապետության ուղեղի՝ ՀՀ Կենտրոնական բանկի համար՝ ներքաղաքական ամենաուժեղ ցնցումների ու արտագին վտանգների նյութականացման սպառնալիքի ամենադժվար պահին անգամ Հայկական Դրամը չընկճվեց ու թույլ չտվեց ֆինանսական համակարգի որևէ ցնցում… դուք ձեր հացը իզուր չեք վաստակում, աղջիկներ և տղաներ՝ դուք ի վիճակի եք ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը՝ եթե իհարկե աշխարհը շուռ չգա… Հայաստանի ֆինանսական համակարգին կարելի ա վստահել՝ խնայողություն, ավանդ, կենսաթոշակ, ապագա…

…երրորդ բաժակը թույլ տվեք բարձրացնել Հայաստանի Հանրապետության աչքերի, ականջների ու շուրթերի համար՝ Լրագրողների ու լրատվամիջոցների համար… այն լրագրողների, ովքեր առավոտից երեկո իրենց մասնագիտական պարտքը կատարելով, քաղաքական գործիչների յուրաքանչյուր քայլին հետամուտ, ամեն բառն ու արարքը որսալով, երբեմն մարդկային զանգվածներին հյուսված, երբեմն կրքերի ու գզվռտոցի հորձանքում, բայց գերազանցապես անկողմնակալ ու կշռադատված լուսաբանում էին իրադարձությունները… իրադարձություններ, որոնք հաճախ զարգանում էին ավելի արագ, քան որևէ ուժ կարողանում էր արձագանքել դրանց, իսկ լրագրողները հասցնում էին… իրենց գործին նվիրված նման բազմաթիվ լրագրողներն ու լրատվամիջոցներն ապացուցեցին, որ հայաստանյան լրագրության պրոֆեսիոնալիզմն ու էթիկան շատ ավելի բարձր է, քան կարելի էր կարծել… Հայաստանի լրագրությանը կարելի է վստահել՝ ոչ ավել, ոչ պակաս…

…չորրորդ կենացը թույլ տվեք բարձրացնել բոլոր նրանց համար, ում համատեղ ջանքերով կայացել են էս երեք ինստիտուտները, որ էս օրերին հեքիաթի խնձորների պես իջան մեր առաջ… բոլոր նրանց կենացը, ում տարիների աներևութական ու երևույթ աշխատանքով էսօր ունենք ոչ միայն անհամբեր, անփորձ ու խելառ ջահելություն, այլև նրանց անհամբեր խելառության իրավունքը պաշտպանելու ունակ պետականություն… խաղաղություն ձեզ, իմ բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ… ավելի մեծ եռանդով շարունակեք էն ինչ արել եք ավելի քան երկուսուկես տասնամյակ՝ կատարեք ձեր մասնագիտական պարտքը… կրկեսները գալիս ու անցնում են, իսկ լավ հաշվետարներ ամեն տեղ հարկավոր են ՃՃՃՃ… շնորհակալ եմ ու ոնց որ ասում ա Թևանը՝ դուխով…

…հավատացնում եմ, որ էլի շատ կենացներ կան բարձրացնելու, բայց դրանք հանգիստ կարող են սպասել ավելի հավասարակշռված օրերի… երբ քաղաքական կրկեսը կհանդարտվի… հա, ի մեջի այլոց՝ կրկեսը կրկես, բայց այն շատ լավ սթրես թեստ էր էս երեք ինստիտուտների համար… ավելի լավ է, բանակի, ֆինանսական համակարգի ու լրատվական դաշտի կայունության մեջ համազվել նման սթրես թեսթերում, քան պատերազմական գործողությունների ու գլոբալ ճգնաժամերի պայմաններում… հիշե՛ք, որ պետականության ինստիտուտները հեղափոխությամբ չեն ստեղծվում ու կայանում, այլ անխոնջ ու քրտնաջան աշխատանքով…

…կայունություն ու խաղաղություն մեզ բոլորիս…
…կայունություն պալատներին ու խաղաղություն խրճիթներին… կամ հակառակը, ոնց կուզեք
…ու հա՝ Ո՛չ հեղափոխություններին…

© «Տաս օր, որ չցնցեցին պետականությունը», Ջոն Ռիդ

Վահան Ասատրյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր