WhatsApp ընկերության ղեկավար Յան Կումը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Նա նաև եղել է WhatsApp-ի մեսենջերի համահիմնադիրը, փոխանցում է РИА Новости-ն:
«Անցել է մոտ 10 տարի այն ժամանակվանից, ինչ Բրայանը (Ակտոնը-խմբ.) և ես ստեղծել ենք WhatsApp-ը, և դա եղել է հիանալի «ճամփորդություն» ամենալավ մարդկանց հետ: Ժամանակն է եկել, որպեսզի ես շարժվեմ առաջ: Ես հեռանում եմ այն ժամանակ, երբ մարդիկ օգտագործում են WhatsApp-ն ավելի շատ, քան ես կարող էի պատկերացնել», – գրել է Յան Կումը իր ֆեյսբուքյան էջում:
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր այդ «ճամփորդությունը» հնարավոր են դարձրել:
Յան Կումն այս որոշումը կայացրել է Facebook ընկերության հետ տարաձայնությունների պատճառով: Նա հատկապես համաձայն չէր հայտնի ծառայության հաղորդագրություններ ուղարկելու քաղաքականությանը և ֆեյսբուքի անձնական տվյալները օգտագործելու և կոդավորումը թուլացնելու փորձերին:
WhatsApp-ը հավելված է սմարթֆոնների համար, որը թույլ է տալիս տարբեր բջջայինների օգտատերերին փոխանակել հաղորդագրություններ: Այս հավելվածից օգտվողների թիվը գերազանցում է 1 մլրդ մարդը:
Ֆեյսբուք ընկերությունը գնել է WhatsApp-ը 2014 թվականին 21,8 մլրդ դոլարով: