Երևանի մետրոպոլիտենի գործադուլի մասին լուրերը չեն հաստատվել, բայց գնացքները չեն երթևեկում։
Երևանի մետրոյի կայարանի մուտքը դեռ փակ է, բայց մետրոյի աշխատակիցները գործադուլ չեն հայտարարել։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը։
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մետրոպոլիտենի աշխատակիցները մայիսի 2-ին միացել են համատարած գործադուլին։
«Դա չի համապատասխանում իրականությանը։ Գործադուլ չի եղել»,- հայտարարեց Յայլոյանը։
Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանն ու բոլոր փողոցները և տոտալ դասադուլ ու գործադուլ անել։
Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։