ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ կապված առկա որոշ անհանգստություններն անհիմն են: Նախարարության հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են:
Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան»: