Սամվել Գևորգյանի հայտարարությունը.
«Ես Սամվել Ռուբենի Գևորգյանս, հայտարարում եմ, որ տասնապատիկ ավելացնելու եմ իմ ջանքերը` ներդնելու իմ ներուժը, փորձառությունն ու գիտելիքները ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ տնտեսության և առողջ ու մրցունակ բիզնես միջավայրի կառուցման, զարգացման և առաջընթացի գործում:
Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ ունի ձեռներեցության հզոր պոտենցիալ, որն անհրաժեշտ է իրացնել: Այն փակ սահմանների, մոնոպոլիանների, անձնավորված արտոնությունների, պետական գնումների մեղմ ասած ոչ ազնիվ պայմաններում, որ աշխատել են հայ ձեռներեցները, բաց, թափանցիկ, հավասար դաշտում մեծ առաջընթաց կգրանցեն:
Ես վստահ եմ, որ կարճ ժամանակում հնարավոր է հասնել մեծ արդյունքների, սակայն իրական մրցակցային, ազնիվ, առանց կողմնակալության և անձնական արտոնությունների միջավայրում:
Ես կասկած չունեմ, որ մի քանի տարվա ընթացքում կարելի է ապահովել մարզերում բիզնեսի զարգացման իրական հնարավորություններ: Վերջին 24 տարվա ընթացքում լինելով Հայաստանի 865 համայնքում, ես հստակ պատկերացնում եմ այն ահռելի ներուժը, որը կուտակված է յուրաքանչյուր մարզում, քաղաքում և գյուղում:
Ես երազում եմ լինել ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, սակայն երազանգը առ ոչինչ է, քանի դեռ գործ չես անում: Համբերատար և քրտնաջան աշխատանքն է մոտեցնում և իրականացնում այդ երազանքը:
Ես կարծում եմ,որ յուրաքանչյուրս իր տեղում իր գործն անելիս մտածի ոչ միայն անձնական շահի տեսանկյունից, այլ նաև ազնվորեն հարկեր վճարելու, աշխատատեղեր ստեղծելու և իր փոքր լուման ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ կառուցման գործում ունենալու համար:
Ես գիտեմ, որ դժվար է լինելու, բայց սա չպետք է խոչընդոտ լինի մեր ճանապարհին: Մենք շատ արհեստական խոչընդոտներ ենք հաղթահարել, որի փորձառությունը պետք է օգտագործենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ունենալու ՆՊԱՏԱԿՈՎ»: