ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Factor.am» կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2018թ. ապրիլի 18-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ 2018թ. ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել «Factor.am» կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ։ Մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել նրա լրագրողական վկայականը, ինչպես նաև՝ վնասել տեղում աշխատող օպերատորի տեխնիկան։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ մի խումբ անձանց կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և նրան տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դեպքի առթիվ:
Միաժամանակ քննիչը որոշում է կայացրել` նշված քրեական գործը միացնել 2018թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործին և քրեական գործերի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը նպաստելու նպատակով նախաքննությունը շարունակել մեկ վարույթում:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: