«Արդեն մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ ընտրությունը կայանալու է, և Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է վարչապետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը։
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ տարբեր սցենարների պատրաստ են։ Ինչ վերաբերում է անելիքներին, նա ասաց, որ Փաշինյանի գլխավորած ժամանակավոր կառավարությունը դառնալու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար անցկացման երաշխավորը. «Այս խնդիրն է, որ տարիներ շարունակ թույլ չի տվել ձևավորել մի իշխանություն, որ կներկայացներ հասարակությունը։ Իհարկե, ծրագրային մնացած դրույթները հիմա մշակվում են, դրանք կարտացոլվեն ԱԺ-ում Փաշինյանի ելույթում»։
Հարցին՝ նոր կառավարությունում կադրերի հարցն ինչպե՞ս է լուծվելու, արդյո՞ք ունեք Սփյուռքից առաջարկներ, ովքե՞ր են պատրաստվում գալ և նոր կառավարությունում աշխատել, նա պատասխանեց. «Կազմի հարց չի քննարկվել, և դա հիմնականում կապված է եղել այն լարված ներքաղաքական իրավիճակի հետ, որ կար Հայաստանում։ Առաջիկա մեկ-երկու օրերին այդ քննարկումը կլինի։ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի կադրային բավարար ռեսուրսներ, բայց նոր կառավարությունը չի լինելու միանձնյա ձևավորման կառավարություն։ Ազգային համաձայնության կառավարություն է լինելու և դաշտում առկա արհեստավարժ կադրերը տեղ կգտնեն կառավարությունում։ Սփյուռքից կան մասնագետներ, ովքեր ցանկություն են հայտնել մեզ հետ քննարկել ծրագրային դրույթներ և առաջարկներով հանդես գալ։ Թե ինչպիսին կլինի կազմը, կիմանանք ամսի 8-ից հետո։ Այս պահին քննարկում չի եղել, և լուծումներ էլ չունենք»։
Ռազմիկ Մարտիրոսյան