Ապրիլի 6-ին Հայաստանում մեկնարկեց բջջային էլեկտրոնային թվային ստորագրության կամ Mobile ID-ի (mID) համակարգի փորձնական գործարկումը:
Համակարգը ներդրվում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»-ի (ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի), «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի և բջջային օպերատորների ջանքերով: Այն գործիք է՝ անձը նույնականացնելու և ցանկացած էլեկտրոնային փաստաթղթեր առցանց ստորագրելու համար:
Itel.am-ը ներդրվող համակարգի մանրամասների շուրջ զրուցել է «Նիկիտա Մոբայլ» ընկերության հիմնադիր Արա Յաղջյանի հետ:
– Պրն Յաղջյան, կխնդրեի սպառողի տեսանկյունից ներկայացնել Mobile ID-ն օգտագործելու քայլերի հերթականությունը: Կոնկրետ ի՞նչ գործարքներ կարելի է իրականացնել համակարգի միջոցով:
– Mobile ID-ն նույնականացման գործիք է, պարզապես առցանց տիրույթում: Եթե մարդն ունի նույնականացման քարտ, այսպես կոչված՝ e-ID և դրա միջոցով մուտք է գործում պետական կամ այլ առցանց հարթակներ, որի համար նրան հարկավոր է card reader, ապա Mobile ID-ն այդ ամենի ավելի հեշտ և պարզեցված տարբերակն է:
Mobile ID-ից օգտվելու համար սպառողն առաջին հերթին պետք է իր բջջային կապի օպերատորին տեղեկացնի, որ ցանկանում է դառնալ Mobile ID-ի օգտատեր: Եթե բջջային կապի օպերատորը մատուցում է տվյալ ծառայությունը, ապա փոխում է բաժանորդի SIM քարտը (հեռախոսահամարը նույնն է մնում) և տրամադրում է նոր SIM քարտ՝ USIM, որի մեջ արդեն ներկառուցված է լինում Mobile ID հավելվածը: Տվյալ Mobile ID բաժանորդը ստանում է նոր սերտիֆիկատներ, որոնք կապվում են առկա e-ID քարտին:
Հաջորդ քայլով բաժանորդը պետք է ակտիվացնի այդ ծառայությունը: Դա կարող է արվել ինչպես օպերատորի գրասենյակում, այնպես էլ՝ առցանց, օրինակ՝ տանից: Դրանից հետո, որոշակի հրահանգներ կատարելուց հետո, ծառայությունը կակտիվանա: Այնպես որ, որոշ գործողություններ օնլայն տիրույթում բաժանորդը կկարողանա կատարել իր հեռախոսի միջոցով: Այլևս card reader-ի և նույնականացման քարտի անհրաժեշտություն առցանց տիրույթում գործողություններ կատարելու ժամանակ չի առաջանա:
Mobile ID-ի միջոցով հնարավոր է իրականացնել երկու տեսակի գործարքներ՝ ստորագրել և նույնականացվել:
Լուրջ ուշադրություն ենք դարձնում անվտանգությանը: Գործընթացն անցնում է 28 տարբեր ցիկլերով, և յուրաքանչյուր ցիկլ պաշտպանության առանձին մեթոդ ունի: Գործընթացը տևում է մոտ 40 վայրկյան, հետագայում այդ ժամանակն ավելի կկրճատվի:
Համակարգի վրա մեր կողմից 10 հոգի է աշխատում, կան նաև ներգրավված մարդիկ, քանի որ առկա են տեխնիկական բարդ խնդիրներ: Ավելի քան 5 սերվեր ենք տեղադրել ԷԿԵՆԳ-ի դատակենտրոնում, որպեսզի լոկալ տեղեկատվությունը հնարավորինս ընթանա լոկալ ցանցերով՝ ինտերնետի տիրույթից դուրս:
– Ինչպե՞ս է ընթանում թեստավորման փուլը, ե՞րբ է ակնկալվում ավարտը և ե՞րբ կմեկնարկի զանգվածային կիրառությունը:
-Ապրիլի 6-ին սկսվեց թեստավորման փուլը: Քանի որ հանդիսանում ենք նաև անձնական տվյալների մշակող, պետք է լավ թեստավորենք բոլոր գործընթացները, մասնավորապես՝ իրականացնենք ստորագրության տարբեր մեթոդների փորձարկումները: Ներկայում թեստավորում ենք Ucom-ի և Beeline-ի քարտերը: USIM քարտերն օպերատորները նախօրոք են պատվիրել, դրանց Հայաստան բերելու պրոցեսը տևում է 1-2 ամիս:
Ամբողջությամբ՝ itel.am