«Հանրապետական կուսակցությունը պետք է վաղուց հասկանար, որ ոչ թե իրենց դեմ խաղ չկա, այլ ժողովրդի դեմ խաղ չկա։ Իսկ ընդհանրապես պետք չէ մտածել՝ ում դեմ խաղ կա և ում դեմ ոչ․ իրենք պարտավոր են կատարել ժողովրդի կամքը»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը՝ անդրադառնալով ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։
Երգահանը Հայաստանի վարչապետի պաշտոնում տեսնում է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին․
«ԱԺ հատուկ նիստի հարցուպատասխանը լսելուց հետո հասկացա, որ մինչ այդ մենք վարչապետ չենք ունեցել, ինձ համար միակ անփոխարինելին Նիկոլ Փաշինյանն է, վերջին զարգացումները բերեցին նրան, որ Նիկոլին մենք տեսանք բոլոր կողմերից»։ Պարոն Զորիկյանն անդրադառնում է նաև մշակույթի նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Արմեն Ամիրյանի հրաժարականին․ «Դրական եմ վերաբերվում նրա այդ քայլին։ Եթե լավ նախարար է, կարծում եմ՝ հաջորդ կառավարության մեջ կընդգրկվի։ Գուցե Ամիրյանը հենց հիմա գնաց այդ քայլին, որպեսզի ՀՀԿ-ին ուղղված քարերից մեկը իրեն էլ չդիպչի»։
Երգահանը նկատում է, որ ժողովուրդը այս վերջին օրերին վերականգնեց հավատը ինքն իր ուժի հանդեպ և պետք է աշխատի առաջիկայում ևս չկորցնել այդ հավատը, լինել պահանջատեր։