ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի նախկին տեղակալ Մուրադ Ոսկանյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները. խոչընդոտել է հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության աշխատակիցների կողմից տևական ժամանակ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող հետախուզվողը չի հայտնաբերվել և չի կալանավորվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծռայությունից, այսպես, Մ. Ոսկանյանը 16.02.2018թ.-ին համապատասխան գրությամբ տեղեկացել է, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Սամվել Թովմասյանի որդին` Սեդրակ Թովմասյանը, դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մ. Ոսկանյանի անմիջական ենթակայության տակ գտնվող` ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում Սեդրակ Թովմասյանի նկատմամբ կազմվել է հետախուզական գործ, և ոստիկանության աշխատակիցների կողմից միջոցներ են ձեռնարկվել փախուստի մեջ գտնվող հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ:
Սակայն Մ. Ոսկանյանը, հետախուզվողի հոր` Սամվել Թովմասյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 28.02.2018թ.-ին նրան նախապես զգուշացրել է որդուն հայտնաբերելու նպատակով վերջինիս բնակարան օպերատիվ խումբ ուղարկելու մասին` փորձելով այդ կերպ Ս. Թովմասյանի որդուն զերծ պահել իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելուց: Այդ մասին տեղեկանալուց հետո հետախուզվողի հարազատները կազմակերպել են նրա փախուստը բնակության վայրից: Արդյունքում` հետախուզվողի բնակարան այցելած ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները չեն կարողացել հայտնաբերել վերջինիս:
Այնուհետև, Մ. Ոսկանյանը, Սեդրակ Թովմասյանին հնարավոր հայտնաբերումից զերծ պահելու նպատակով նույն օրը նրա հարազատներին կրկին նախազգուշացրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հետախուզվողին հայտնաբերելու նպատակով Օշական գյուղում և հարակից բնակավայրերում, այդ թվում` մեղադրյալի բնակարան հնարավոր ստուգումներ կատարելու մասին: Այդ մասին տեղեկանալուց հետո հարազատների կողմից կազմակերպվել է Սեդրակ Թովմասյանի փախուստը բնակարանից, որի պատճառով ոստիկաններին դարձյալ չի հաջողվել հայտնաբերել հետախուզվողին:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: