Ծնողական սիրո 10 կանոն
Advertisement 1000 x 90

Ծնողական սիրո 10 կանոն

Մասնակից լինել երեխայի կյանքին

Երեխայի ներդաշնակ, առողջ հոգեբանական զարգացման, ինչպես նաև սոցիալական հարմարվողականության և երջանկության ապահովման ամենակարևոր գործոնը երեխայի կյանքում ծնողի անմիջական ներկայությունն է։ Սակայն սա այն միջամտությունը չէ, որը երեխայից խլում է ինքնությունը, և ծնողի միջոցով կառավարվում է նրա կյանքը։ Սա առողջ, ընկերական, անմիջական փոխհարաբերությունների ձևավորման միջամտությունն է։ Երեխաները, որոնց ծնողները հետաքրքրվում են նրանց դպրոցական առօրյայով, ազատ ժամանակ զրույցներ են ունենում տարբեր թեմաների շուրջ, ունենում են դրական ինքնագնահատական, և շատ հազվադեպ են բախվում հոգեբանական խնդիրների։

Երեխայի կյանքում ծնողի գրագետ ներկայությունը կարող է մեծ և խորը հիմնային արժեքներ սերմանել հետագա մարդ տեսակի ձևավորման մեջ։ Սակայն նման քայլի համար ծնողից կպահանջվի ժամանակ և ջանք, քանի որ ոչ մի լավ, դրական արդյունք առանց երկարատև աշխատանքի չի ստացվում։ Ծնողը, նույնիսկ հնարավոր է, որ զոհաբերի իր հետաքրքրություններն ու անձնային պահանջները՝ հանուն երեխայի զարգացման։ Նա պետք է գիտակցաբար անի այդ քայլը և գիտակցաբար կատարի ընտրություն։

Չլինել ծայրահեղ «կպչուն»

Այս կանոնը կարծես նախորդի հակապատկերը լինի։ Սակայն, եթե ուշադիր ընթերցենք, նշել եմ՝ գրագետ ներկայություն։ Իսկ կպչունությունը լիովին այլ մակարդակ է։ Առհասարակ երջանիկ, առողջ և հաջողակ երեխայի դաստիարակության կարևոր գործոնն ինքնահաստատման և առաջընթացի զգացողությունն է։ Անշուշտ, կարևոր է, որպեսզի երեխան զգա ծնողի ներկայությունը, և վստահ լինի, որ ցանկացած պահի ծնողը կգա օգնության։ Սակայն պակաս կարևոր չէ այն, որ երեխան հստակ գիտակցի, որ կան նաև այնպիսի իրավիճակներ, որոնք նա ինքնուրույն կարող է հաղթահարել կամ լուծում գտնել։ Եթե ծնողն անընդհատ կառավարի երեխայի կյանքը, նրա գործողությունները, ապա երեխայի մոտ այդպես էլ չի զարգանա վստահություն՝ ուղղված սեփական հնարավորություններին։ Ելքն այն է, որպեսզի երեխայի մեջ զարգացնենք կայուն ինքնակառավարում, հնարավորություն տանք ինքնուրույն որոշումներ կայացնել, նույնիսկ, եթե այդ որոշումները կարող են հանգեցնել անհաջողության։

Լինել հետևողական

Երեխայի ինքնակառավարման կամ ինքնատիրապետման ցածր մակարդակի միակ մեղավորը ծնողի անհետևողականությունն է։ Եթե ծնողը երեխայից ժամանակ առ ժամանակ է պահանջում նորմատիվ վարքի դրսևորում, կամ ամեն օր նոր կանոններ է առաջ քաշում դաստիարակության մեջ, ապա երեխան լինում է ցրված և ավելորդ ագրեսիվ։ Նա չի հասկանում իր անելիքն ու ծնողի կողմից առաջադրված կանոնների նշանակությունը։

Նման քաոսը կարելի է բերել հավասարակշռության, երբ հետևողականորեն երեխային սովորեցրած լավ վարքային մոդելները վերածվում են սովորության։ Այսինքն՝ կազմում ենք ընտանիքի անդամների կամ երեխայի անհատական օրակարգ։

Սովորեցնել երեխային ձգտել և հասնել հաջողության

Երեխայից ծնողի սպասումները պետք է այնպիսին լինեն, որպեսզի երեխան ներշնչվի և ցույց տա, թե որքան է մեծացել։ Այսինքն, երեխան մինչ այս պահը գործի դրած ջանքերը պետք է ավելացնի ևս մի փոքր, որպեսզի հասնի էլ ավելի մեծ ձեռքբերման։ Նման կերպ երեխան սովորում է նպատակին հասնելու համար անպայմանորեն ջանք և աշխատանք ներդնել, այլ ոչ թե՝ ուղղակի ունենալ մի իր, որը նվիրել է հայրիկը և խրախուսել պարծենալ դրանով։ Այս վարքային մոդելով մենք երեխային ներշնչում ենք վստահություն, որ նա կարող է անել մի բան ինքնուրույն և ստանալ հաջող արդյունք։ Անհաջողության դեպքում՝ թույլ մի տվեք երեխային, որ իրեն համարի ձախողակ։ Ուշադրությունը սևեռեք ճիշտ կատարած քայլերի վրա, և միասին քննարկելով՝ հասկացեք՝ հաջորդ անգամ ինչը շտկել, որպեսզի հաջողությամբ ավարտվի գործողությունը։

Խրախուսեք երեխայի ձեռքբերումները՝ շեշտադրելով ոչ թե՝ արդյունքը, այլ՝ ջանքն ու աշխատասիրությունը

Որպես կանոն՝ խրախուսանքն ամրապնդում է ինքնագնահատականը, իսկ ճիշտ կատարված խրախուսանքը հնարավորություն է տալիս կյանքի փորձի յուրացում, թե որքան անհրաժեշտ է ջանք գործադրել՝ որոշակի արդյունքի հասնելու համար։ Նախընտրելի է ասել. «Դու շատ լավ էիր պատրաստվել ելույթին», քան՝ «Դու շատ խելացի ես»։ Կարևորում ենք երեխայի կողմից կատարված քայլը, այլ ոչ թե՝ հենց երեխային։ Նույն մեխանիզմը նաև գործում է վատ արարքի քննադատության ժամանակ։ Քննադատում ենք արարքը՝ որակավորելով այն վատ կամ անընդունելի արարք, քան երեխային՝ որպես վատ երեխա։ Խրախուսանքը պետք է վերաբերի ձեռքբերման որակին, այլ ոչ թե հիմնվի այն գնահատականի վրա, որը երեխան ստացել է ինչ-որ մեկից։

Հուսով եմ, որ այս մի քանի պարզ, բայց հիմնային կանոնները հնարավորություն կտան ծնողներին կատարել իրենց պարտականություններն ավելի սիրով և զինված գիտելիքով։

Կամիլա  Խաչատրյան 

հոգեբան