Դիմել է դատարան՝ Գառնիկ Իսագուլյանի, լրատվամիջոցների դեմ. aravot.am
Advertisement 1000 x 90

Դիմել է դատարան՝ Գառնիկ Իսագուլյանի, լրատվամիջոցների դեմ. aravot.am

Ասյա Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Զալյանը դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքել, պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել:

Պատասխանողը Գառնիկ Իսագուլյանն է, իսկ երրորդ անձ են ճանաչվել «Առավոտ» օրաթերթը, araratnews.am, օperativ.am, «168.am», henaran.am-կայքերն ու լրատվական գործակալությունը, «Հենարան» մամուլի ակումբը:

Հայցվորը հայտնել է մարտի 28-ին ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի՝ «Հայելի» ակումբում լրատվամիջոցների հանդիպման ընթացքում ասված նրա միտքը. «Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ: Ես կարծում եմ՝ անձամբ այդ հարցում ես թերացել եմ, որովհետեւ ժամանակին ասվել է, ցավոք, մենք չկարողացանք ապացուցել, չճշտված տեղեկություն է, որ Թբիլիսի հաճախ իր այցերի ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկը իր ընկերուհիների հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Վրաստանով ավելի հեշտ է անցնել Ադրբեջան, առանց անձնագրի մեջ հստակ նշումների…»:

Գ. Իսագուլյանն ակնարկել էր նաեւ, որ առկա է եղել ԱՀ նախագահի հանձնարարականը, ուսումնասիրել, հետեւել, թե ինչ նպատակներով է աղջիկը մի քանի անգամ Վրաստանից այցելել Ադրբեջան, արդյո՞ք նա գտնվում է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում:

Հայցվորը Իսագուլյանից ապացույց է պահանջում այն մասին, որ ինքը մի քանի անգամ եղել է Բաքվում: Պահանջելով հերքում, հայցվոր կողմը իրեն զրպարտելու համար կես միլիոն դրամ է պահանջում:

Ռ. Մ.

aravot.am