«Կապրենք՝ կտեսնենք՝ նոր վարչապետ կունենանք, թե խորհրդարանը կլուծարվի: Իրականում ինձ քաղաքական անցուդարձը չի հետաքրքրում, այլ ժողովրդական ընդվզումը: Իսկ ընդվզումից էլ շատ ավելի կարևոր է այն, որ հայ ազգը վերագտավ իր արժանապատվությունը, ելավ ու իր ճակատագրին տեր կանգնեց»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Նա վարչապետի պաշտոնի համար ունի այլընտրանքային տարբերակներ, բայց միևնույն ժամանակ շեշտում է՝ ժողովրդական շարժման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց իր կազմակերպչական բարձր հնարավորությունները. «Վարչապետ լինելու համար անպայման չէ ամեն ոլորտի գիտակ լինել, կարևոր է ազգային ելակետ, պետական մտածելակերպ ունենալը: Նժդեհն ասում է՝ գինովություններից ամենազգլխիչը իշխանությամբ գինովնալն է: Որպեսզի վաղը նորընտիր կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չգինովնա իշխանությամբ, ժողովուրդը պետք է իր լծակները բաց չթողնի»:
Պարոն Գինոսյանն անդրադառնում է նաև մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրաժարականին: Նրա համոզմամբ՝ ժողովրդի հետ համերաշխություն հաստատելու խնդիր կար. «Ամիրյանը խոհեմ եղավ և իր քայլով թուլացրեց լարվածությունը: Մյուս նախարարներն ու պատգամավորներն էլ ավելի խոհեմ կլինեին, եթե փորձեին նույն կերպ վարվել, ոչ թե ապաշնորհ բեմադրություններով ավելի խորացնեին անդունդը ժողովրդի և իշխանության միջև»:
Մանրամասները՝ տեսանյութում: