Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 7-ին տեղի ունեցավ Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը: Դատական նիստում քննվել է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը որպես կալանք փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Վարդան Գրիգորյանը ներկայացրեց վճիռը, ըստ որի՝ դատարանը որոշում է կայացրել միջնորդությունը բավարարել և անհապաղ ազատ արձակել ու որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին:
Ըստ մեղադրանքի` Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը զավթած զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: