Հեղափոխության և Հայաստանում կատարվող գործընթաcների այս ամբողջ ժամանակահատվածում, ըստ հոգեբան Խաչիկ Գասպարյանի, մարդկանց մոտ մի շարք փոփոխություններ են արձանագրվել:
«Ամենագլխավորը նախևառաջ այն է, որ մեր ազգը պարտվողից վեր է ածվել հաղթողի: Մինչև այս կարծես ապրում էինք Հայոց ցեղասպանության պատճառով առաջացած զոհի հոգեբանության շրջանակում: Բայց այս փոփոխությունը շատ դրական նշանակություն պետք է ունենա յուրաքանչյուրի համար: Հերթական անգամ ապացուցվեց այն համոզմունքը, որ եթե բոլորս միասին ենք, ապա հաղթանակն անխուսափելի է: Երկրորդ փոփոխությունը հոգեբանական տեսանկյունից ևս հետաքրքիր է. ի տարբերություն նախորդ՝ 10-15 տարի առաջվա սերնդի, նոր սերունդը չցանկացավ հուսախաբվել: Նախկինում իրավիճակն այնպես դասավորվեց, որ հիասթափվեցին: Եթե այս շարժումը նման հաջողություն չունենար, կարող էր կրկնողություն լինել: Մարդիկ կրկին կմտածեին, որ պետք չէ քաղաքականությամբ զբաղվել, պետք չէ մտածել, որ «քո ապագան քո ձեռքում է», կամ ավելի լավ է ընդունել այն, ինչը մատուցվում է կամ պարտադրվում: Եվ հանկարծ փոխվեցին նաև այս զգացումները: Նախկինում նաև վախի զգացում կար՝ հանուն ապագայի պայքարելու ճանապարհին կարող էին նաև զոհեր լինել, ինչպես եղավ Մարտի 1-ին: Բայց այսօր երիտասարդները մինչև վերջ կանգնեցին ու մինչև հաղթանակ առաջ շարժվեցին»,-Past.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանը:
Նրա խոսքով՝ եթե մարդիկ հերթական անգամ հուսախաբվեին, ապա արտագաղթը կավելանար, կունենայինք բացասական տրամադրություններ:
«Մյուս նկատառումը ևս պակաս կարևոր չէ: Մենք պետք է նկատի ունենանք, որ հեղափոխությունը բոլոր խնդիրներին լուծում չի տալիս, հեղափոխությունը նոր կյանքի սկիզբ է դնում և նոր ճանապարհներ է բացում, որտեղ ևս դժգոհություններ կան: Հեղափոխությունը չի նշանակում, որ մյուս օրվանից բոլորի կյանքի որակը բարձրանում է, բոլորն ապրում են իրենց համար ցանկալի տնտեսական կամ սոցիալական մակարդակում: Սա ապագայում սպասվելիք մարտահրավերներից մեկն է, որն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Բայց ես ներքուստ վստահ եմ ու հավատում եմ, որ, այնուամենայնիվ, սա ավելի շատ դրական տեղաշարժ էր մեր ամբողջ ազգի համար: Այդ դրական տեղաշարժը վերաբերում է նաև Սփյուռքին ու Արցախին: Ի տարբերություն ներկայիս իրավիճակի, մենք նախկինում ունեինք լճացած, քարացած, խորհրդային ժամանակներից մեզ փոխանցված դոգմատիկ սկզբունքների հիման վրա կառուցված մի իրողություն: Իսկ այս նոր իրավիճակը առաջընթացի նոր հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուրիս համար: Բոլոր ոլորտներում կան չլուծված հարցեր, և այս պարագայում շատ կարևոր է նաև այդ ոլորտների ներկայացուցիչների նախաձեռնողականությունը: Յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է նույն կերպ ինքնակազմակերպվի և փորձի առողջ լուծումներ գտնել այն սոցիալ-հոգեբանական հիվանդությունների դեմ, որոնցով մենք տառապում ենք տասնյակ տարիներ»:
Խոսելով շարժման ընթացքում օգտագործված հնարավոր հոգեբանական տեխնոլոգիաների մասին՝ հոգեբանն ընդգծեց. «Նախևառաջ՝ մարդկանց մեջ արդեն կուտակված էր դժգոհությունը: Բացի այդ, իշխող կուսակցության նկատմամբ կար բացասական տրամադրվածություն: Սա շատ կարևոր դեր խաղաց հեղափոխության հաջողության համար: Բայց կային որոշակի մտածված և, միգուցե, հանկարծակի ձևավորված տեխնոլոգիաներ, որոնք առհասարակ կիրառվում են. այնպես չէ, որ ամեն ինչ տեսանելի գիտակցական ճանապարհով էր գնում: Հիմա դժվարանում եմ վերլուծել բոլոր իրավիճակները, բայց կարող ենք կոնկրետ իրավիճակներ դիտարկել: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի կերպարը փորձում են համեմատել Մոնթե Մելքոնյանի կերպարի հետ: Մյուս օրինակը Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էր: Ն. Փաշինյանը շատ դանդաղ, ինքնավստահ ու մեջքով շրջված ազատվեց ուսապարկից: Իհարկե հարց է, նա ուղղակի՞ էր այդպես վարվում, թե դա անում էր մտածված, կամ ինչ-որ մեկի խորհրդով, որ դիմացինին հավասարակշռությունից հանի կամ հոգեբանական ճնշման ենթարկի: Շատ նյուանսներ կան: Մի բան է պարզ, որ յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր առանձնահատկություններն ու իր ճանապարհը: Մենք բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք, որոնց լուծումը ժողովուրդը չէր տեսնում: Հիմա ժողովուրդը իր բոլոր խնդիրների լուծումները փորձում է նոր լիդերների ու նոր մարդկանց մեջ տեսնել»: