ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է անդրազգային հանցավորության նոր դրսևորում՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր եղանակ։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2018 թվականի ապրիլի 27-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման կենտրոնում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքից ՀՀ քաղաքացի Ա.Թ-ի անվամբ ուղարկված փոստային առաքանու մեջ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով` շուրջ 590 գրամ հաշիշ և 20 գրամ կրիստալ տեսակի թմրամիջոցներ։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեխանիզմի մանրամասները և դրանում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց արդյունքում 2018 թվականի մայիսի 5-ին ծանրոցը փոստային բաժանմունքից ստանալուց անմիջապես հետո դրա հասցեատեր Ա.Թ-ն և վերջինիս ընկեր Հ.Ե -ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների շնորհիվ բացահայտվել է, որ Հայաստանի Հանրապետությունում ևս ներդրվել է վերջին ժամանակահատվածում այլ պետություններում հաճախ կիրառվող՝ համացանցի միջոցով թմրամիջոցների պատվիրման և առաքման նոր եղանակ։
Այսպես՝
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված օգտատիրոջ կողմից տարբեր քաղաքացիներից առցանց ընդունվել են թմրամիջոցների առաքման պատվերներ, որոնց դիմաց վճարումները կատարվել են էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Այնուհետև նույն օգտատերը թմրամիջոցների մաքսանենգությամբ և դրանց իրացմամբ զբաղվելու շուրջ իր հետ համագործակցելու համաձայնություն տված ՀՀ առանձին քաղաքացիների անվամբ փոստային ծառայության միջոցով ուղարկել են մեծ խմբաքանակներով թմրամի-ջոցներ, որոնք բաժանվել են փոքր չափաբաժինների և գնորդներին փոխանցելու համար թողնվել որոշակի վայրերում։
Հիշյալ գործընթացների կատարման փաստը հավաստող տեսագրությունները, ինչպես նաև թմրամիջոցները թաքցնելու կոնկրետ վայրերի լուսանկարներն առցանց ուղարկվել են արտերկրում բնակվող անձին, ով ՀՀ-ում գտնվող իր ենթադրյալ հանցակիցներին էլեկտրոնային դրամապանակի միջոցով փոխանցել է համապատասխան միջնորդավճարներ, իսկ թմրամիջոցների գնորդներին համացանցով իրազեկել է դրանց թաքստոցների տեղակայման վայրերի մասին։
Ամբողջությամբ՝ pastinfo.am