«Մի՛ խառնեք թացը չորի հետ» Արման Նուռ
Advertisement 1000 x 90

«Մի՛ խառնեք թացը չորի հետ» Արման Նուռ

Ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռ-ի հրապարակումը.

Ես երջանիկ մարդ եմ (մեկնաբանելուց առաջ նախ կարդացեք մինչև վերջ):

Այս օրերին ես ևս մեկ անգամ համոզվեցի դրանում և կարող եմ նորից ու նորից կրկնել՝ ես երջանիկ մարդ եմ, քանի որ իմ կյանքի ընթացքում ինձ հաջողվել է ձերք բերել և արժանանալ կայուն, խիզախ, համարձակ և ամենակարևորը ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ընկերների։
Ավետ Բարսեղյան,
Շուշան Պետրոսյան,
Արման Սաղաթելյան,
Հայկո,
Վահե Հակոբյան՝

Մարդիկ, ում ես ճանաչում եմ մի ամբողջ կյանք, գիտեմ նրանց հայացքները և միշտ չէ, որ համամիտ եմ եղել նրանց հետ, երբեմն բանավեճեր ենք ունեցել, տարակարծիք ենք եղել , բայց միշտ հարգել ենք միմյանց կարծիքը և դիրքորոշումը: Թող ներեն ինձ այն ընկերներս, ում անունները չեմ թվարկել, քանի որ այս գրառումը նվիրված է այն հանրային մարդկանց` իմ ընկերներին, ովքեր այս օրերին թիրախ են դարձել անհանդուրժողականության, նախանձի, չկամության, տգիտության:

Ցանկանում եմ հիշեցնել, որ այս հեղափոխությունը ի սկզբանե դեմոկրատիա է քարոզել, իսկ դեմոկրատիայի գլխավոր արժեքը՝ դիրքորոշման ազատ ընտրությունն է, կողմերի բացակայությունն է, մտածելակերպին չբռնանալն է, հարգանքն ու սերը, և մի՛ փորձեք աղտոտել այս գեղեցիկ հասկացողությունը տգիտությամբ և անձնական չկայացվածության ինքնահաստատումով։ Թվարկածս Մարդիկ միշտ հավատարիմ են եղել իրենց սկզբունքներին, միշտ ինքնազոհ ծառայել իրենց ազգին և Հայրենիքին, երբևէ չեն առաջնորդվել միայն անձնական և գրպանի շահերից, չեն եղել կաշառակեր, իրենց ապրելակերպով միշտ ոգևորել և առաջընթացի անդրանիկն են եղել։

Ավետ Բարսեղյանը 600-ից ավելի հիթային երգեր է հեղինակել, որոնց ներքո մեծացել են և դեռ կմեծանան սերունդներ, ի դեպ Զարուհի Բաբայանի կատարմամբ «Քայլ արա» երգի հեղինակը, վերջին իրադարձություններից 6 ամիս արաջ հենց Ավետն էր, իսկ նրա քնարերգական պոեզիան, որը հուսամ շուտով կհրատարակվի, արժանի է միջազգային ձանաչման և ընթերցման։ Եվ ի վերջո ո՞րն է նրա մեղքը, որ համատեղ Ռիտա Սարգսյանի հետ իրականացրեց բարեգործական երաժշտական նախագիծ, որի նպատակն էր օգնել արյան քաղծկեղով հիվանդ երեխաներին:

Շուշան Պետրոսյանը Հայրենասիրական երգի և ոգու ձայնն է եղել այն ժամանակ, երբ մեր ազգը խորհրդային շրջանից հետո հայրենասիրության կողմնորոշման կարիք ուներ, որպեսզի դիմակայեր և հաղթահարեր բոլոր փորձությունները։ Եվ այսօր էլ, ապրելով 2 սենյականոց բնակարանում, նա ողջ իր ուժն ու եռանդը նվիրում է Արցախի սահմանամերձ շրջաների և գյուղերի բնակիչների և զինվորների համար պայմաններ ստեղծելու գործին, կառուցում է մշակույթի կրթօջախներ, վերանորոգում՝ դպրոցներ, ճանապարհներ, որպեսզի տեղաբնակները չթողնեն իրեց տներն ու հեռանան և այդ արյունով վերադարձված հողը թշնամու բաժին դառնա։

Արման Սաղաթելյան՝ մարդ, ով 16 տարեկանում կամավոր գնաց իր երկրի սահմանները պաշտպանելու և վիրավորվելուց հետո ապաքինվելուն պես վերադարձավ իր և մեր կռիվը շարունակելուն մինչև հախթանակ: Նման խառնվածքի մարդը երբևէ չի հանձնի իր դիրքերը, չի դավաճանի իր սկզբունքներին, և Փառք է Աստծո, որ կան նման մարդիկ, որոնք արտաքին տշնամու դեմ չեն նահանջի ի տարբերություն շատ ու շատ երեսփոխանների, որոնք կհանձնվեն արաջին իսկ ուժերի վերադասավորման պահին:

Հայկո՝ Մարդ, ով բերեց իր հետ նոր հայ էստրադա, մարդ, որը միջազգային ճաշակ թելադրեց հայ երգարվեստում, որի շատ ու շատ գեղարվեստական ֆիլմերի համար արված երաժշտական ձևավորումները ապրեցրնում և շնչեցնում են այդ ֆիլմերը և ստիպում հուզվել և ի վերջո լավ մարդ, լավ Երևանցի, լավ Հայ, որը ոչ մեկից չի գողացել, ոչ մեկին չի վնասել և առհասարակ փորձում եմ հասկանալ՝ ինչու՞մ եք նրան մեղադրում։ Պետք է գար ցույցի, չեկավ՞, լավ արեց. դա իր դեմոկրատական իրավունքն է, և այն մարդը, ով մեղադրանքներ է հնչեցնում այդ կապակցությամբ՝ այս հեղափոխության վարքաբեկողն ու թշմամին է։

Վահե Հակոբյանը, ում Սյունիքի մարզպետ դառնալուց հետո երկու տարվա ընթացքում վերանորոգվեցին տարածաշրջանի բոլոր դպրոցները և մանկապարտեզները, կառուցվեցին և ապահովվեցին ժամանակակից սարքավորումներով հիվանդանոցներ և բուժհաստատություններ, հրավիրվեցին մասնագետներ տարբեր ոլորտներից և վերապատրաստվեցին տեղի մասնագետները, վերանորոգվեցին և վերաբացվեցին մշակույթի պալատներ, որոնք փակվել էին դեռ խորհրդաին ժամանակաշրջանում։ Երևանում ապրում է պարզ 3 սենյականոց բնակարանում և սարի գագաթին պալատներ չի կառուցել:

Ու հիմա ասեք՝ ինչի՞ համար է պետք վատաբանել էս մարդուն։

Ես կոչ եմ անում և խնդրում եմ մի՛ խառնեք թացը չորի հետ, մի՛ սերմանեք ատելություն, մի՛ պղծեք աշխարհի աննախադեպ բարի հեղափոխությունը և մի՛ մոռացեք, որ 1915 թվականին թուրքերը Հայ ազգի բնաջնջման սև գործը սկսեցին հենց հայ մտավորականերից։