ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարել է, թե նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրելՎլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը։ Իսկ ինչ է նախատեսված օրենքով, եթե Արմեն Սարգսյանը չստորագրի առաջարկությունները:
Մասնավորապես, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածում նշված է. Հոդված 5. Կառավարության կազմում փոփոխությունները
1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:
2. Վարչապետը պարտավոր է Հանրապետության նախագահին առաջարկել Կառավարության կազմում փոփոխություն, եթե Կառավարության անդամի համար առկա են սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերը:
3. Վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
4. Եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում:
5. Եթե Հանրապետության նախագահը Կառավարության նոր անդամ նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, իսկ վարչապետը եռօրյա ժամկետում չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ստորագրում Կառավարության անդամին նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան:
6. Սահմանադրական դատարան դիմելու դեպքում կիրառվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-8-րդ մասերը:
7. Կառավարության անդամին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրամանագրի հրապարակման պահից: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում պաշտոնից չի ազատում վարչապետի առաջարկած Կառավարության անդամին, ապա համապատասխան Կառավարության անդամի լիազորությունները դադարեցված են համարվում իրավունքի ուժով, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրում է վարչապետը, և հրապարակվում է Կառավարության պաշտոնական կայքէջում: