Արման Սահակյանը հրաժարվել է պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից
Advertisement 1000 x 90

Արման Սահակյանը հրաժարվել է պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը որոշում է կայացրել հրաժարվել պաշտոնից: Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Հարգելի հայրենակիցներ՝ գործընկերներ, թիմակիցներ ու ընկերներ. ես որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից:

Շուրջ յոթնամյա գործունեությունս ամփոփում եմ վստահությամբ ու հանգիստ խղճով, քանի որ իմ կենսագրության մեջ ավելացող այս մի տողը ևս կվկայի, որ աշխատել ու գործել եմ ուժերիս ներածին չափով և կարողացել եմ ինձ վստահված այս մի ոլորտում ևս հաջողություններ արձանագրել: Գործել եմ բաց, հրապարակային, նվիրումով ու հավատով, որ յուրաքանչյուրիս բարեխիղճ աշխատանքով է կառուցվում երկրի այս ու վաղվա օրը: Գործել եմ առանց բարձրագոչ հայտարարությունների ու աղմուկի, պատասխանատվությամբ ու սիրով:

Շնորհակալ եմ ՊԳԿՎ աշխատակազմին, իմ գործընկերներին ու թիմակիցներին՝ մեր արդյունավետ համագործակցության համար. միասին կարողացել ենք շատ խնդիրներ լուծել ու աշխատող ծրագրերով առաջ գնալ: Այդ ամենի մասին պարբերաբար հրապարակային խոսել եմ, սակայն այսօր միայն մեկը հիշատակեմ. նպատակ դրեցի և կարողացա գործընկերներիս հետ հիմնովին ու համակարգված լուծել հանրակացարաններում ապրող մեր հազարավոր հայրենակիցների սեփականության խնդիրը:

Հեռանալով պետական ծառայությունից՝ չեմ հեռանում քաղաքականությունից, հատկապես, որ մոտ մեկ տարի առաջ իմ թիմակիցների ու համակիրների հետ համոզիչ հաղթանակ արձանագրեցինք խորհրդարանական ընտրություններում: Այսօր առավել ևս իմ ընտրողներին հուսախաբ անելու իրավունք չունեմ և կշարունակեմ լինել իրենց կողքին: Միասին կշարունակենք մեր ճանապարհը՝ հանուն մեր պետության ու հասարակության առաջընթացի:
Ինձ համար կարևոր է նաև լրատվամիջոցների հետ անցած ու անցնելիք ուղին. մեր առողջ համագործակցությունը պրոֆեսիոնալների հետ հնարավորություն է տվել հանրությանը հասցնել կատարված աշխատանքը, քննադատությամբ շտկել բացթողումները:

Եվս մեկ անգամ ասեմ՝ շնորհակալ եմ ձեր վստահության, համագործակցության և աջակցության համար»:



Նման նյութեր