Մշակույթի նախարար դառնալու ցանկություն չկա. Հայկ Մարության. armtimes.com
Advertisement 1000 x 90

Մշակույթի նախարար դառնալու ցանկություն չկա. Հայկ Մարության. armtimes.com

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ուղղաթիռով այցելեց Շուշի՝ մասնակցելու Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին: Համացանցում մի խումբ օգտատերերի կողմից քննարկման առարկա դարձավ այն, որ ուղղաթիռով Փաշինյանին ուղեկցել է նաև պրոդյուսեր Հայկ Մարությանը (Կարգին Հայկո): Վերջերս նաև մեծ քննարկման առարկա է դարձել, որ ապագա կառավարությունում Հայկ Մարությանը կարող է զբաղեցնի մշակույթի նախարարի պաշտոնը: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստացանք հենց դերասանից:

Պարոն Մարության, երեկվանից սոցցանցերում քննարկվում է, որ դուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուղղաթիռով Արցախ եք գնացել, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, և վերջիվերջո ինչո՞ւ էիք ուղղաթիռով գնացել:

– Դա պատվերով հոդվածներ են, ըստ իս, մարդիկ հասկանում են, որ սա պատվեր է, ոչինչ, բան չկա, իրենց էլ կարելի է հասկանալ: Ինչ կապված է այցի մասին, ես շատ հաճախ եմ գնում Արցախ, շատ միջոցառումների եմ մասնակցում այնտեղ` ժողովրդի հետ: Մայիսի 9-ը դա մեր համահայկական, համաժողովրդական տոնն է: Շատ եմ այցելում Արցախ, տարբեր այլ գործունեություններով, չեմ ուզում հիմա պատմեմ, որպեսզի տպավորություն չստացվի, թե ինքս ինձ գովում եմ:

Բնականաբար, երեկ Հայաստանի այդ մեծ հաղթանակից հետո, ինձ համար շատ կարևոր էր գտնվել Արցախում, և դա ընդհանրապես կապ չունի պարոն Փաշինյանի այցի հետ: Կա պաշտոնական մաս, և կա ընկերական մաս, բացի այս ամեն ինչից՝ պարոն Փաշինյանն իմ ընկերն է, և մենք ընտանիքներով ընկերություն ենք անում:

Որպես ընկեր ե՞ք պարոն Փաշինյանի հետ ուղղաթիռով գնացել:

– Ընդհանրապես ուղղաթիռով գնալու միտք չկար, պարոն վարչապետը գիշերը գնում էր Արցախ, ես նրան ճանապարհում էի, և արդեն պայմանավորվածություն կար, որ ես էլ իմ մեքենայով պետք է գնամ և այնտեղ միգուցե և կտեսնվեինք: Ես մենակ պետք է գնայի և պարզվեց, որ ուղղաթիռում մեկ տեղ կա, և առաջարկեցին՝ ուղղաթիռով գնալ, քանի որ դրանից ո՛չ պետական բենզինն էր ավելի ծախսվելու, ո՛չ էլ ուղղաթիռին էր ինչ-որ բան լինելու: Ես որպես քաղաքացի եմ գնացել, ոչ թե պաշտոնական այցի մի մաս:

Իմ գնալը իմաստ ունեցավ այն առումով, որ շատ երեխաներ ուրախացան, ես ժողովրդի հետ էի, պարոն Փաշինյանն էլ իր պաշտոնական այցն էր իրականացնում: Նաև առանձին զորամաս եմ այցելել, զրուցել եմ զինվորների հետ: Իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ, որը միշտ անում եմ, ուղղակի այս անգամ տեսախցիկների առաջ եմ հայտնվել: Եթե ուղղաթիռում տեղ կար և առաջարկեցին, ի՞նչ անեի, միայնակ մեքենայով գնայի, հետ գայի:

Խոսակցություններ են շրջանառվում, որ դուք մշակույթի նախարարի պաշտոնն եք զբաղեցնելու, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

– Չկա նման բան, չկա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես մշակույթի նախարարությունը կփակեմ, և այդ գումարները կուղարկեմ Պաշտպանության նախարարություն: Առանց այդ նախարարության մեր մշակույթը լավ պահպանվել է…առանց նախարարության: Հիմա այս ծանր վիճակում կարելի է անցնել այդ ռեժիմին: Ահա, թե ինչու ես չեմ կարող դառնալ մշակույթի նախարար, որովհետև 5 օրում ես դա կփակեմ, և կուղարկեմ Պաշտպանության նախարարություն (կատակում է Մարությանը):

Քաղաքական պաշտոն ցանկանո՞ւմ եք զբաղեցնել:

– Ոչ, չեմ ուզում, ոչ մի պաշտոն:

armtimes.com