«Շիրակ» ակումբի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից կայացված որոշման, դրա պատճառ հանդիսացած հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Քանի որ այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն արձագանքել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ կապված՝ առերևույթ պայմանավորված խաղ անցկացնելու փորձ կատարելու խնդրին, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը:
«Շիրակ» ակումբի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից կայացված որոշման, դրա պատճառ հանդիսացած հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից դեռևս մայիսի 8-ին ուղարկվել են Երևան քաղաքի դատախազություն, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ: