Սփյուռքի նորանշանակ 28-ամյա նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ իր նշանակման մասին քննարկումը եղել է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո, իսկ մինչ այդ իրենք բացարձակապես թիմի ներսում չեն քննարկել որևէ մեկին որևէ պաշտոնին նշանակելու հարցը:
«Կար մեկ նպատակ՝ վարչապետի ընտրության հարցն էր, որից հետո միայն սկսվեցին քննարկումներ թիմի ներսում՝ նորանշանակ վարչապետի հետ: Իմ դեպքում հաշվի առնվեց այն հանգամանքը, որ ես 2-3 տարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սփյուռքի հետ հարցերի համակարգողն էի, լավագույնս տեղեկացված էի Հայաստան-Սփյուռք կապի բազմաթիվ խնդիրներից և ընդհանուր պատկերացում ունեի տեսլականի և հետագա անելիքների մասին»,- ասաց նա Tert.am-ին՝ հավելելով, որ գուցե նաև վարչապետը հաշվի է առել իր այլ հմտություններ ևս՝ բանակցային դպրոցում սովորելը, լեզուներին տիրապետելը,-բայց հիմնական գործոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իմ քաղաքական թիմի՝ փոխվարչապետների վստահությունն է իմ անձի նկատմամբ»:
Ւնչպե՞ս է պատրաստվում աշխատել մի կառույցում, որը քննադատության էր արժանանում և՛ սփյուռքի, և՛ Հայաստանի կողմից հարցին նորանշանակ նախարարը պատասխանեց․ «Առհասարակ այն ժառանգությունը, որ մեր թիմը ստացել է Հանրապետական կուսակցությունից, եկեք չասեմ անհուսալի, բայց բավականին հարցերի տեղիք տալիս է: Անշուշտ, մենք գիտակցում ենք այն ողջ պատասխանատվությունը և ծանրությունը, որ ստանձնում ենք: Բայց մենք պետք է լավատեսորեն ասենք, որ ամենօրյա, նվիրված, եռանդուն աշխատանքի, պրոֆեսիոնալ կառավարման, համապատասխան կադրային փոփոխությունների արդյունքում, սփյուռքի հետ ինտենսիվ կապի շնորհիվ, մեր հայրենակիցների առաջարկները, կարծիքները լսելով, հաշվի առնելով՝ նոր համագործակցություն ենք ստեղծելու»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում․
Ամբողջությամբ՝ tert.am