Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ցույցի մասնակիցները հանդիպել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ:
Հիշեցնենք, այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ հանրապետության տարբեր մարզերի և Երևանի զինկոմիսարիատների նախկին և ներկա աշխատակիցները դժգոհում էին նախկին կառավարության որոշումից, ըստ որի, մի շարք զինկոմիսարիատներ փակվում են, հաստիքներ են կրճատվում, ինչի արդյունքում մարդիկ գործազուրկ են դառնում:
Փոխվարչապետ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ցուցարարները խնդրեցին կասեցնել այդ որոշումը: Միրզոյանը հետաքրքրվեց՝ «Խնդիրը ո՞րն է, դուք կոնցեպտուալ դե՞մ եք օպտիմալացմանը, թե՞ չեք ուզում աշխատանք կորցնել: Անկեղծ լինենք»: Ցուցարարներից մեկն ասաց՝ «Չենք ուզում օպտիմալացվի, ինչո՞ւ: Գուցե կառուցողական բարեփոխումներից ելնելով հասկանալի է: Չէ որ պետության բյուջե է, այստեղ հսկայական բանակաշինության խնդիր կա, 20 տարվա աշխատանքային ստաժ ունենք:
Մենք աշխատանք չենք ունենալու, լքելու ենք երկիրը: Այս տարիքում որտե՞ղ ենք աշխատելու: Գուցե ժամանակավոր կասեցվի որոշումը: Մենք ստանում ենք 75 հազար դրամ աշխատավարձ, բավական է: Օպտիմալացման հաշվին բյուջե՞ն են լցնում»: Միրզոյանը արձագանքեց՝ «Ձեր ասածը կարող է վատ էլ մեկնաբանվի՝ ստանում եք 75 հազար, աշխատանք եք անում, բայց այդ աշխատանքը կարող է կատարվի այլ կերպ, ու դրանից պետությունը միայն կշահի:
Վատ մեկնաբանության դեպքում՝ ոչինչ, թող բյուրոկրատիան գնա, վատ աշխատի, բայց մենք ստանանք աշխատավարձը: Ես ուզում եմ լուծում առաջարկել, որից պետությունն էլ կշահի, դուք էլ: Այդ ռեֆորմը, որ արվում է, բանակաշինությանը օգուտ է, պետությունը շահելու է: Այս պրոցեսին վատ մի նայեք: Ես խոսել եմ պաշտպանության նախարարի հետ: Մենք մտահոգ ենք խնդրով և զբաղվելու ենք: Չենք գնալու այնպիսի ճանապարհով, որ 450-ից ավելի մարդ մնա գործազուրկ:
Փոխզիջումային լուծումներ ենք առաջարկելու: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեզ աշխատանքով ապահովենք, մեկի սրտով կլինի, մեկի՝ ոչ, բայց պիտի գնանք: Էս պետությունը պիտի դզենք, ժողովուրդ ջան: Դա չէր կարող էդպես մնալ»: Ցուցարարներից մեկն էլ նեղսրտած ասած՝ «Ո՞նց կլինի, որ սահմանամերձ վայրում զինկոմիսարիատ չլինի, ախր մենք պատերազմող երկիր ենք»: Ապա փոխվարչապետն ասաց. «Ի՞նչ եք կարծում, պաշտպանության նախարարը չգիտի՞ որ մենք պատերազմող երկիր ենք: Լավ գիտի, և գիտի այդ պրոցեսը շատ ավելի արդյունավետ կազմակերպելու ձևը: Զինկոմիսարիատները այնպես, ինչպես աշխատել են՝ չեն արդարացնում: Չեն լինելու այնպիսի զինկոմիսարիատներ, ինչպես նախկինում եղել են: Ձեզ պետք է աշխատանք ունենալ, դա կանենք: Չի լինելու, որ նախկին իներցիայով մարդիկ գնան, սուրճը խմեն, ինչ-որ բան անեն, կամ չանեն ու ստանան 75 հազար դրամը: Մենք նոր, ավելի լավ երկիր ենք սարքելու»: Ցուցարարներից մեկն առաջարկեց՝ ծառայողական մեքենաների թիվը կրճատեք:
Միրզոյանն արձագանքեց՝ «Արդեն կրճատել ենք: Իմ աշխատակազմին հատկացվել է 5 մեքենա, մենք վերցրել ենք 2-ը: Օպտիմալացումը շղթայական է լինելու: Եթե ձեզ թվում է, թե մենք մեր մեքենաները պահելու ենք, զինկոմիսարիատները՝ փակենք, սխալվում եք»:
Ցուցարարներն առաջարկեցին գոնե մի որոշ ժամանակով հետաձգվի զինկոմիսարիատների լուծարումը, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ դա կարելի է քննարկել.«Այնպիսի լուծում գտնենք՝ մինչև մարդկանց չտեղավորենք աշխատանքի՝ չլուծարենք վերջնական»: