Ինչո՞ւ է թաքնվել Փաշինյանը. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է թաքնվել Փաշինյանը. hraparak.am

Կապ ունե՞ն, արդյոք, Տարոնին մերժողները Սերժին մերժածների հետ: Դատելով պահվածքից ու քայլերից` ունեն, բայց եթե հարցնենք Նիկոլ Փաշինյանին` չունեն: Բա ի՞նչ անենք: Շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել, գիտե՞ք: Տարոնին մերժողները կապ չունեն «հեղափոխության» հետ և դարձել են գլխացավանք առաջնորդի համար: Գնացել` պոկել են մասնավոր ընկերության շինարարության ցանկապատը, հետո էլ փակել քաղաքապետարանը, թե Տարոնը պետք է հրաժարական տա, որովհետև հանցագործ է: Տա-րոն հեռացիր, Տա-րոն հեռացիր, մի-ա-ցեք, մի-ա-ցեք, ոս-տի-կանը մերն ա… Չէ, էս մեկը չեն ասում, որովհետև այդքան բան արել են ու ոչ մի ոստիկան չի եկել, որ միանա: Ու ի՞նչ պետք է անի նորընծա վարչապետը: Սիրում եմ անարխիան, այն ոչնչով քողարկել հնարավոր չէ:

Պարոն Փաշինյան, այդքան լավ հարաբերություններ ունեք ոստիկանության հետ, բա ինչո՞ւ չեք ուղարկում, որ կարգ ու կանոն հաստատեն քաղաքապետարանում և նրա շուրջ: Պարոն Փաշինյան, ինչո՞ւ թույլ տվեցիք, որ ամբոխը, առանց քննության, դատ ու դատաստանի դպրոցների տնօրեններ հեռացնի, ի՞նչ գիտեիք, գուցե նրանք ավելի մեծ հանցանքներ էին գործել, որոնց համար պետք է նաև դատվեի՞ն:

Տա-րոն հեռացիր… ո՞նց հեռանա, ի՞նչ ասի իր ընտրողներին, ինչպե՞ս բացատրի, որ մի քանի փռչոտ ակտիվիստի գոռգոռոցից թողել ու հեռացել է: Պատկերացրեք, որ երկու այդքան մարդ հավաքվի ու վաղն եևեթ պահանջի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության հրաժարականը, որը ոչնչով չի խոչընդոտել խնդրո առարկա զբոսայգու բարեկարգման ծրագրին: Պետք է քայլ անել, պարոն Փաշինյան: Երկու ճանապարհ ունեք` կամ ոստիկանությանը հրահանգեք ցրել «խաղաղ ցույցը» և կանգնեք Տարոնի կողքին, կամ էլ` դատի տվեք Տարոնին, եթե նա օրենք է խախտել: Թաքնվել եք, որ ի՞նչ անեք:

Իսկ գիտե՞ք ինչու եք թաքնվել, պարոն Փաշինյան: Կարող եմ բացահայտ ասել, բայց համարում եմ, որ դրա ժամանակը չէ և դա չի օգնի երկրում ստեղծված այս խառնիփնթոր վիճակն ուղղելուն: Ասեմ միայն, որ 2017 թվականին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում լիքը կեղտոտ խաղեր են եղել, որնց շնորհիվ «Ելքը» նաև Ավանում մեծ քանակությամբ ձայներ հավաքեց ու մտավ քաղաքապետարան` ընդունելով այդ ընտրությունների արդյունքները:

Մնացած հետևություններն արեք ինքներդ, պարոն Փաշինյան, վարչապետը Դուք եք այսօր:

hraparak.am