Facebook-ի աշխատակիցներն ընթացիկ տարվա առաջին երեք ամսում հեռացրել են սոցիալական ցանցում զետեղված ավելի քան 865 միլիոն հաղորդագրություն, մասնավորապես սպամ, ահաբեկիչների քարոզչական նյութեր, մերկությունը ցուցադրող լուսանկարներ և տեսագրություններ:
Այս մասին ասված է մայիսի 15-ին ընկերության պաշտոնական բլոգում հրապարակված զեկույցում: Զեկույցում առաջին անգամ բերված են ստույգ և մանրամասն տվյալներ սոցցանցում արգելափակված տեղեկատվության ծավալի և բնույթի վերաբերյալ:
Դրանից հետևում է որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հեռացվել է պնդերես գովազդով 837 միլիոն հաղորդագրություն, բռնությանը վերաբերող 3,4 միլիոն գրառում, մերկությունը ցուցադրող տեսագրություններ և լուսանկարներ պարունակող 21 միլիոն նյութ: Բացի դրանից, հեռացվել է 1,9 միլիոն հաղորդագրություն ահաբեկչական խմբավորումների քարոզով, ինչպես նաև 2,5 միլիոն հաղորդագրություն, որտեղ բերվել են արտահայտություններ՝ միտված, մասնավորապես, ազգային, էթնիկական և ռասայական ատելության բորբոքմանը: