Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների կողմից «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրությունում իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ սննդամթերքն այստեղ արտադրվել է հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել սահմանված նորմերին համապատասխան, չեն պահպանվել թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստիցիդների օգտագործման նորմատիվ պահանջները:
Ինչպես տեղեկացրին ՍԱՊԾ-ից, ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Վերահսկողություն է իրականացվել նաև «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող 11 խանութներից 4-ում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության, թեʹ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք: 22,2 կգ և 31 տուփ (հատ) ժամկետանց սննդամթերքի (երշիկի տեսականի, խոզապուխտ, սուջուխ, խոզաճարպ, կրեմային տորթ) առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է:
Թերի մակնշմամբ ընդհանուր քաշով 90,5 կգ, 879 տուփ (հատ) և 603 շիշ ապրանքի համար (մանանեխ, սերուցք, պանրի տեսականի, կոզինախ, վաֆլիի լիստեր, մեղր, քաղցր սուջուխ, չիր, հաց, ադի բուդի, վաֆլու ձողիկներ, ջերկի, դրոժ, շիլա, կոմպոտ, կարագ, ձեթ, պյուրե, նրբերշիկ, սոուս, չորահաց, տղեմալի, թունա ձուկ, քացախ, չաման, սուրճ, դեսերտ ֆրուտո, կիսապատրաստվածքներ, թեյ, սալ, կրեկեր, պելմենի, կոտլետներ, օղի, գազավորված ջուր, հյութ, գարեջուր) տրվել է իրացումը կասեցնելու և մակնշումը համապատասխանեցնելու կարգադրագիր: