Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1-ամյա երեխան հերթական վիրահատությունից հետո մահացել է. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1-ամյա երեխան հերթական վիրահատությունից հետո մահացել է. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 1-ին մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այս տարվա փետրվարի 21-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 8 վիրավորներից 1-ամյա Աշոտ Վարդանյանի մահվան հանգամանքով։

Վերջինս մայիսի 11-ին հերթական անգամ վիրահատվելու նպատակով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ըստ տեղեկությունների, վիրահատությունից հետո մահացել է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում բախվել էին Lada մակնիշի 34 MT 002 համարանիշի և Samand մակնիշի 236 ՕF 61 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մանկահասակ երեխային տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com