Արցախի զորամասերից մեկում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Դավիթ Տոնոյանին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը և Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Դավիթ Տոնոյանը զինծառայողների և նրանց հրամանատարների հետ քննարկել է ծրագրի արդյունավետության և շարունակականության խնդիրները, լսել նրանց հարցերը։
Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը բարի ծառայություն է մաղթել զինծառայողներին և նշել, որ «Ես եմ» ծրագիրը մեր զինված ուժերի համար կարևոր է:
«Ես եմ» ծրագրով զինվորական ծառայությունը տևում է 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս: