Լոռու մարզի Դսեղի, Ջիլիզայի եւ Մարցի անտառներից օրական 5-10 որակյալ անտառափայտով բարձված բեռնատար ավտոմեքենա ուղեւորվում է Արարատյան դաշտի գյուղեր: Այս ահազանգն EcoNews.am-ը ստացավ տեղի բնակիչներից մեկից:
Ինչպես նշեց կայքի զրուցակիցը Լոռու մարզից տեղափոխված անտառափայտը վաճառվում է Արարատյան դաշտի գյուղերում: Ըստ նրա՝ այս «բիզնեսի» հետեւում կանգնած է Ջիլիզայում ապրող Արմեն անունով մեծահարուստ:
«Միթե հնարավոր չի դիմակազերծել Արմեն կոչված միլիարդատիրոջ բիզնեսը, որ վերեւում տեր ունի…»,- հարց է բարձրաձայնում կայքի զրուցակիցը:
Ըստ նրա՝ վերոնշյալ անձը Բնապահպանության նախարարությունում կապեր ունեցող բիզնեսմեն է: Նա հայտնեց նաեւ, որ նշված մեխանիզմը գործում է ոստիկանության իմացությամբ եւ որոշ փաստաթղթերի առկայությամբ: Հնարավոր է նաեւ դրանք կեղծ լինեն կամ գործեն ապօրինի անտառահատման դասական սխեմայով. 10 խմ-ի փոխարեն՝ 50-ը կամ 100-ը:
Ահազանգողը այտնեց նաեւ այս գործընթացում ակտիվորեն ներգրավված եւ փայտ տեղափոխող երկու մեքենայի համարանիշ՝ «576us29» եւ «576us38»:
Նշենք, որ նշված տարածքները գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառային տարածքների կազմում:
Մասնավորապես, խոսքը գնում է «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի մասին, որի մեջ մտնում են նաեւ Մարցի եւ Դսեղի անտառպետությունները:
«Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Կարեն Սարիբեկյանը: Այս անտառտնտեսությունում իրականացվող ապօրինի ծառահատումների եւ այլ հոդվածներով արդեն իսկ կա հարուցված քրեական գործ:
Ի դեպ, օրերս ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանման տարածքում ապօրինի 1475 կանգուն ծառերի հատման, նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մի քանի անտառապահի մեղադրանք է առաջադրվել: Կայքի զրուցակիցը հայտնում է նաեւ Ջիլիզայի անտառներում ծառահատումների մասին, որը նույնպես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման տակ է գտնվում: «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն արդեն երկար տարիներ Արամ Բարոյանն է:
Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը: