Հայաստանում դեղոլորտի մասնագետների համար նոր աշխատատեղեր են բացվել
Advertisement 1000 x 90

Հայաստանում դեղոլորտի մասնագետների համար նոր աշխատատեղեր են բացվել

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ «FMD K&L Europe» ընկերությունն անցած ամիս Հայաստանում բացելով տարածաշրջանի խոշորագույն բիոտեխնոլոգիական կենտրոնը, ձեռնմուխ է եղել աշխատատեղերի կրկնապատկմանը։ Կազմակերպությունը ծրագրել է այս տարի ևս 250 մասնագետների ընդունել։ Այս մասին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի Հանրային կապերի թիմից:

«FMD K&L Europe»-ը Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանում պատշաճ կլինիկական հետազոտությունների (GCP) խորացված դասընթացներ է կազմակերպել։ Ընկերությունը, զուգահեռաբար, դիմումներ է ընդունում դեղագիտության, քիմիայի, կենսաբանության, բժշկագիտության ոլորտի մասնագետներից։

«FMD K&L Europe» ընկերության ղեկավարները ներկայացրել են Հայաստանում ներդրումների առավելությունը, նոր ծրագրերը։

«Սկսել ենք անմիջականորեն աշխատել բժշկական բուհերի հետ՝ ավելի մեծ թվով որակյալ կադրեր պատրաստելու համար, որպեսզի իրենք էլ, իրենց հերթին, այստեղից՝ Հայաստանից մասնակցեն մեր հետազոտություններին։ Մենք նաև բազում գլոբալ պատվիրատուներ ունենք։ Մենք նրանց կհամոզենք, որ այս պարկում գրասենյակներ հիմնեն, համագործակցեն մեզ հետ»,- նշել է «FMD K&L» գլոբալ ընկերության խորհրդի գործադիր նախագահ Դան Ջանգը։

«Ամեն անգամ, երբ նոր կենտրոն ենք բացում, ես սկսում եմ մտածել հաջորդ տարվա անելիքների մասին։ Եվ ամեն անգամ հասկանում եմ, որ շատ փոքր տարածք եմ ձեռք բերել։ Ինչպես, օրինակ, այս կենսատեխնոլոգիական կենտրոնն է։ Շատ ոգևորգած եմ Հայաստանով»,- նշել է «FMD K&L Europe» ընկերության գլխավոր տնօրեն Կիրիտ Վելանին։

«Տարածաշրջանի ամենամեծ բիոտեխնոլոգիական կենտրոնի բացումը շատ կարևոր է Հայաստանի համար։ Այն ոչ միայն արդեն 160-ից ավելի աշխատատեղ է բացել և դա կհասցնի 500-ի, այլ նաև Հայաստանի երիտասարդներին, երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս աշխարհին ցույց տալու, թե ով ենք մենք և ինչ կարող ենք անել»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։