Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է թեժ գիծ 1-16 հեռախոսահամարով, որին բոլոր զինծառայողները կարող են զանգահարել ու իրենց մտահոգությունները հայտնել: Ազգային ժողովում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մտահոգությանը, թե զինծառայողները մարդու իրավունքների պաշտպանի հետ կապ հաստատելու և իրենց իրավունքների խախտումների մասին բարձրաձայնելու հնարավորություն չունեն, և անհրաժեշտ է զինծառայողների համար նման մեխանիզմներ ստեղծել:
Օրենքի նախագծի հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հայտնեց, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է 1-16 թեժ գիծը, որին բոլոր զինծառայողները կարող են զանգահարել և հայտնել իրենց մտահոգությունները: Արձագանքելով Ռուստամ Մախմուդյանի հայտարարությանը՝ Սերգեյ Բագրատյանն ընդգծեց, որ այդ թեժ գծի համարի մասին ինքն առաջին անգամ է լսում: «Ես կարծում եմ, որ մեր շատ քաղաքացիներ և զինծառայողներ էլ տեղյակ չեն այդ թեժ գծի մասին: Անհրաժեշտ է այդ համարը փակցնել բոլոր զորամասերի մուտքերի մոտ, որպեսզի զինծառայողները իմանան, որ կա հեռախոսահամար, որով կարող են կապվել պաշտպանի աշխատակազմի հետ և իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնել»,- ասաց պատգամավորը: