Երբ 2010 թվականին ես բացեցի իմ բլոգն ու հրապարակեցի առաջին պատմվածքս, սոցցանցերում մաքսիմալ հավանումը հասնում էր․․․ տասներկուսի։ Առաջին անգամ պատմվածքներիցս մեկը մեկնաբանեց անծանոթ մի աղջիկ՝ Լիլիթ անունով՝ 2011 թվականին միայն՝ ուղիղ մեկ տարի անց։ Այո, մի ամբողջ տարի ինձ կարդում էին միայն ընկերներս ու ծնողներս։ Ես հիշում եմ, որ այդ օրը նույնիսկ փոքրիկ տորթ էի գնել ինձ համար ու նշում էի փոքրիկ հաղթանակը։ Սա հաղթանակ էր ոչ թե նոր «լայք կպցնելու», այլ բացարձակ անծանոթ մարդուն հետաքրքրելու հաղթանակ էր, ով խոսք էր տվել, որ ինձ էլի կկարդա։ Հիմա, իհարկե, սոցցանցերի իմ էջերում անծանոթ մարդիկ տասնյակ անգամ ավելի շատ են։ Բայց ես գիտեի՝ որն է նպատակս․ գրելը։ Ուղղակի գրելը։ Ես գրում եմ արդեն մոտ ութ տարի՝ նույն սիրով ու հաճույքով։ Նաև զուգահեռ սիրում եմ համացանցը, հենց դրա համար էլ հաճախ եմ սոցցանցային գրառումներ անում։ Դեռ այն ժամանակ՝ տասնհինգ տարեկանում, ես չէի տիրապետում ոչ սոցիալ մեդիա մարքեթինգի գործիքների, ոչ էլ, առանձնապես, հետաքրքրված էի «փիարով» ու չգիտեի էլ՝ դա ինչպես են անում։ Բայց ես գիտեի՝ ինչ եմ ուզում անել հիմա, ու որտեղ եմ ինձ պատկերացնում հետո։
Եթե դուք չգիտեք՝ ինչ եք ուզում հիմա, որտեղ եք ձեզ տեսնում հետո, և անգամ կարգին էլ չեք հասկանում՝ ինչներիդ են պետք հարյուրավոր հավանումները, ինչո՞ւ եք ձգտում էջերի ակտիվության։ Ուղղակի ընկերների մոտ գլուխ գովալու համա՞ր։ Ավելի լավ տարբերակներ կան։ «Մոդայից» հետ չընկնելու համա՞ր։ Հիմա սոցցանցային ակտիվությամբ ոչ մեկին չես զարմացնի, արժե մի անգամ համոզիչ ու դեմոնստրատիվ փռշտալ՝ վերջ, «հայտնի ֆեյսբուքհայ» ես։ Հորինած տերմին ու իբր աշխատանք՝ պարապ մարդկանց համար։
Ինչպե՞ս դառնալ հայտնի․ այս հարցը ինձ ժամանակ առ ժամանակ տալիս են, վերջերս էլի հնչեց։ Իսկ ես միշտ նույնն եմ պատասխանում՝ այդ չակերտավոր հայտնիությունը չի կարող ինքնանպատակ լինել։ Ահա մի քանի դիտարկում․
Սոցցանցային հայտնիությունը հետևանք է, այլ ոչ՝ բուն աշխատանք։ Համենայն դեպս՝ չպիտի լինի։ Որովհետև սոցցանցային հայտնիությունը հավանումներով լիքը փուչիկ է՝ եթե արմատներով չի սնվում այլ ոլորտից։ Եթե այսօր լավ եք սրամտում, ու սուր մտքի համար հարյուրավոր «լայքեր» եք հավաքում՝ այսպիսով համարում եք, թե դուք հայտնի «ֆեյսբուքահայ» եք, սա դարձրել եք մասնագիտություն, հայտնվում եք եթերներում ու կարծիքներ արտահայտում տարատեսակ թեմաների շուրջ՝ մի շտապեք շատ ուրախանալ, որովհետև՝ հայտնի գրքի վերնագրի պես՝ սոցցանցային սերն ապրում է երեք տարի։
Սիրված էջ ունենալը վատ չէ, վատ է ամեն գնով հայտնիության ձգտելը։ Ի՞նչ է ձեզ տալու երկու հազար հավանումը։ Որպես երկու հազար և ավել «լայքեր» հավաքող մարդ պատասխանեմ՝ ոչինչ։ Հա, գրեցին՝ «բրա՜վո, հրաշալի էր», «ինչպիսի ճկուն միտք», հա՝ ութ հարյուր հոգի տարածեց ձեր գրառումը․․․Ե՞վ։ Եվ ոչինչ։ Հավատացեք, կյանքում ոչինչ, բացարձակ ոչինչ չի փոխվում։ Մարդկանց մեջ տպավորվում է բուն աշխատանքը։ Էլի իմ օրինակով՝ երբ փողոցում ինձ ճանաչում են, գրկում ու սկսում են զրուցել, ճնշող մեծամասամբ նշում են, որ շատ են հավանում իմ պատմվածքները, հետո՝ հոդվածները։
Սոցցանցային ակտիվությունը իրոք կարող է օգնել։ Շատերը ակտիվ զբաղվում են սոցցանցերով՝ հատուկ գովազդի համար։ Սա սոցցանցային՝ բացարձակ այլ ակտիվություն է, այն մեծամասամբ կիրառում են «Ինստագրամում», որտեղ հավաքում են շատ «ֆոլոուերներ», հետո սկսում համագործակցել կազմակերպությունների հետ ու գովազդ ներկայացնել իրենց հետևորդներին։ Սոցցանցային ակտիվությունը կարող է օգնել էլի՝ կրկնածս բուն աշխատանքը «քարոզելու» ու տարածելու համար։
Չի կարելի կուրորեն հավատալ սոցցանցային սիրուն։ Այն խաբուսիկ է, փոփոխական։ Իհարկե, հաճելի է ջերմ կարծիքներ ու սիրո խոստավանություններ լսել, բայց դրանց պետք է հնարավորինս հանգիստ, հարգալից անտարբերությամբ վերաբերվել, սա նշանակում է՝ չտրվել «սադրանքներին» ու չնույնականանալ լավ խոսքերի հետ։ Կարճ ասած՝ երբ ձեզ ասում են, որ դուք հրաշք եք ու հանճար՝ շնորհակալություն հայտնեք ջերմ խոսքերի համար, և արագ ու անվերադարձ մոռացեք դրանք, այլապես կգա մի օր, երբ կսկսեք հավատալ սեփական պսևդոհանճարեղությանն ու կքանդեք ոչ միայն ձեր սոցցանցային, այլև՝ իրական կյանքը։
Սոցցանցը գործիք է։ Հիշեք սա ամեն անգամ՝ այն օգտագործելիս։ Ուղղակի, ընդամենը գործիք՝ հանրային աշխատանքը ավելի հանրայնացնելու, կամ ուղղակի՝ ժամանակ անցկացնելու, ընկերների հետ շփման համար։ Փորձեք այն օգտագործել բարեխղճորեն ու թիրախավորված։ Ու մի մտածեք՝ հատուկ հայտնի դառնալու մասին, արեք ձեր գործը, ու արեք այն լավ, անհոգ եղեք, մարդիկ հաստատ կնկատեն ձեր աշխատանքն ու կգնահատեն։
Սյունե Սևադա
Ամբողջությամբ՝ champord.am